Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ներկայացուցիչներին ընդունել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը
17.04.2019
Ապրիլի 16-ին Գրիգորի Հովհաննիսյանին, Հռիփսիմե Խանզադյանին և Նարեկ Մեյրանյանին ընդունեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը:
«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ներկայացուցիչները հանգամանալից ներկայացրեցին «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի՝ Լոռու մարզում ծավալած գործունեությունը, առաջիկա ծրագրերն ու ընդլայնելու համագործակցության շրջանակներն ու աշխարհագրությունը:
Մարզպետը պատրաստակամություն էր հայտնել ներգրավվելու կրթական երկամյա ծրագրերի իրականացման ողջ գործընթացին՝ միաժամանակ հայտարարելով մարզպետարանի անվերապահ աջակցության մասին:
Հյուրերն ընդգծեցին, որ հանրապետության բոլոր մարզերի ցանկում Լոռին առանձնահատուկ դերակատարություն և նշանակություն ունի:
Նրանք ներկայացրեցին նաև ծրագրի հիմնական նպատակը՝ ստեղծել բարենպաստ պայմաններ կրթության համար: Դրանք ենթակառուցվածքների ստեղծում ու բարելավում են ենթադրում, դպրոցի կառավարման համակարգի արդիականացում, ուսուցիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպում և այլն: Համայնքային զարգացմանը միտված աշխատանքն արդեն վաղուց դադարել է սոսկ տեսլական լինելուց. արդյունքներն ակնհայտ են:
Մարզի ղեկավարն իր հերթին ընդգծեց, որ շատ կարևոր է փոխել մարդկանց մտածելակերպը դպրոցի նկատմամբ ընդհանրապես՝ բարձրացնելով տնօրենների, ուսուցիչների, կրթության և դաստիարակության հանդեպ վերաբերմունքն ու կարևորությունը:
Պիլոտային մի քանի ծրագրեր կան, բոլոր ծրագրերում Լոռին ունի պարտադիր ներգրավվածություն:
Բաց ու գործընկերային հարաբերությունների պայմաններում, որն արդեն ձևավորվել է մարզպետարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի պատասխանատուների միջև, արդյունավետ համագործակցության անհրաժեշտ պայմանն է: