Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անօթևանների հաշվառման աշխատանքային խումբն արտագնա նիստ անցկացրեց Վանաձորում
17.04.2019
Ինչպես արդեն նշել ենք, Լոռու և Շիրակի մարզերի անօթևանության և տնակների հաշվառման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը ապրիլի 16-ին արտագնա նիստ անցկացրեց Վանաձորում: Աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցում էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, Վանաձորի, Ստեփանավանի և Սպիտակի համայնքների ղեկավարները, մարզպետարանի և քաղաքապետարանների պատասխանատու աշխատակիցներ, աշխատանքային խմբի անդամներ, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ աշխատանքային խումբը ստեղծվել է ՀՀ վարչապետի 20.12.2018թ. N1658-Ա որոշմամբ՝ երկրաշարժից հետո աղետի գոտու բնակավայրերում տեղադրված կամ կառուցված ժամանակավոր ոչ հիմնական շինությունների փաստագրման արդյունքների ամփոփման և դրանց հիման վրա տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու, դրանցում բնակվող ընտանիքներին վերաբնակեցնելու վերաբերյալ առաջարկությունների մշակման, խնդրի լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափի հաշվարկման նպատակով:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ողջունելով ու կարևորելով խմբի աշխատանքները, հույս հայտնեց, որ սահմանված ժամկետում աշխատանքները վերջնականապես ավարտված կլինեն:
-Սա Լոռու մարզի համար չափազանց կարևոր գործընթաց է: Մենք բոլորս գիտենք, թե անօթևանությունն ինչ ազդեցություն ունի մեր մարզի սոցիալ-տնտեսական վիճակի վրա, այնպես որ՝ օր առաջ աշխատանքների ամփոփումը մեծ նշանակություն կունենա,- ասաց նա:
-Այլևս պետք է մոռանանք աղետի գոտի խոսքը և նշվի կյանքի գոտի: Եթե կան ընտանիք, երեխաներ, որ անօթևան են, անկախ այն հանգամանքից, թե դա տեղի է ունեցել աղետի կամ այլ հետևանքով, ուրեմն մենք ունենք խնդիր, որի լուծման իրատեսական տարբերակները պետք է միասին գտնենք,-իր խոսքում նշեց Վահագն Վերմիշյանը:
Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը ներկայացրեց մինչ օրս կատարված աշխատանքները և ներկայում առկա պատկերը: Ի դեպ, Վանաձոր, Ստեփանավան և Սպիտակ համայնքների պատասխանատուների աշխատանքները կոորդինացրել է մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, համադրել և վերլուծել առկա տեղեկատվությունը՝ յուրաքանչյուր սոցիալական խմբի համար ընդհանրական վերլուծություններ իրականացնելով:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի առաջարկությամբ՝ երեք քաղաքների պատասխանատուները շնորհադեսի ձևաչափով ներկայացրեցին իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, հանգամանալի վերլուծություն՝ ըստ տնակների քանակի, դրանց զբաղեցրած մակերեսի, հողատարածքների պատկանելության, տնակների նյութի, բնակելիության աստիճանի, ենթակա՞ են արդյոք ապամոնտաժման և այլն:
Ամփոփելով ասվածը՝ Վ. Վերմիշյանը հանձնարարեց առաջիկա օրերի ընթացքում հանդես գալ խնդրի լուծմանն ուղղված առաջարկություններով:
Մարզի ղեկավարն, ամփոփելով խորհրդակցությունը, շնորհակալություն հայտնեց ներկաներին հետևողական քայլերի և կատարված ու կատարվելիք աշխատանքների համար: