Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն աշխատանքային այցով եղավ Լեռնապատ համայնքում

12.04.2019

Մարտի 11-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ  աշխատանքային այցով եղավ Լեռնապատ համայնքում:

Նա նախ այցելեց համայնքային դպրոց: Ինչպես ներկայացրեց դպրոցի տնօրեն Աննա Աբազյանը, ամերիկահայ բարերար Հարութ Բրոնոզյանը դպրոցն առել է իր հովանու տակ, և նրա աջակցությամբ այստեղ բավականին թվով ծրագրեր են իրականացվել և շարունակվում են: Բարերարի ֆինանսական աջակցությամբ ընդամենը օրեր առաջ է ավարտվել դպրոցի մարզադահլիճի վերանորոգումը, իսկ գործարար Գագիկ Սարուխանյանը մարզադահլիճը համալրել է մարզագույքով, աջակցել նաև հանդերձարանների կառուցման հարցում:

Տնօրենը տեղեկացրեց, որ ամերիկահայ բարերարը նաև պարգևավճարներ է տրամադրում ուսուցիչներին, մարզական հաջողություններ գրանցած մարզիկներին, գումար՝ երթևեկող աշակերտների համար և այլն: Նրա աջակցությամբ դպրոցում նաև ռադիոհանգույց է կառուցվել, երաժշտական տեխնիկա է ձեռքբերվել: Հարութ Բրոնոզյանը ցանկություն է հայտնել, որ դպրոցում ֆուտբոլի և բասկետբոլի հավաքական թիմեր ձևավորվեն՝ պատրաստակամություն հայտնելով հոգալ թիմերի ծախսերը, մարզահագուստ ձեռբբերել:

Ա. Աբազյանը նաև տեղեկացրեց, որ դպրոցի աշակերտները մեծահասակների աջակցությամբ զբաղվում են մեղվապահությամբ և անցած տարի մեղրի վաճառքից ստացված շահույթն օգտագործել են դպրոցի կարիքների համար: Մեղվափետակների բարիքից նվիրեցին նաև Ա. Ղուկասյանին:

Մարզի ղեկավարն իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքներից և շնորհակալություն հայտնեց տնօրենին դպրոցի պահպանության և իրականացվող ծրագրերի համար:

Տնօրենի առաջարկությամբ մարզի ղեկավարը  դպրոցի նախկին տնօրեն Աիդա Սարուխանյանի անվան կրթաթոշակ հանձնեց դպրոցի գերազանցիկ երկու աշակերտների: Անդրեյ Ղուկասյանը նաև խորհրդանշական արծաթափայլ եղևնի տնկեց դպրոցի բակում և հույս հայտնեց, որ այն լավ կխնամեն:

Հաջորդ կանգառը Լեռնապատի համայնքային կենտրոնում էր: Այստեղ մարզպետ Ա. Ղուկասյանը խորհրդակցություն անցկացրեց  համայնքի ղեկավար Սարիբեկ Աբազյանի և պատասխանատու այլ աշխատակիցների մասնակցությամբ:

Համայնքի ղեկավարը նշեց, որ և՛ նախորդ տարի և այս տարվա առաջին եռամսյակում հավաքագրումները 100 տոկոսը գերազանցել են: Խոշոր պարտքատերեր գրեթե չունեն, իսկ վերջիններիս հետ բացատրական աշխատանքներ են տարվում: Մարզի ղեկավարը հետաքրքրվեց հաստիքացուցակով՝  հորդորելով ավելորդ հաստիքներ չպահել, նաև՝ վարելահողերի և խոտհարքների խնդրով: Ս. Աբազյանը տեղեկացրեց, որ վարելահողեր գրեթե չունեն, բոլորը մշակվում են, փոխարենն ունեն 3200 հա ազատ արոտավայրեր: Անդրեյ Ղուկասյանն անդրադարձավ Տ-5-25, Մ-3 Լեռնապատի մարզային նշանակության 4.5 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման ծրագրին, որի պատվիրատուն հանդիսանում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, իսկ կապալառու կազմակերպությունը «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ-ն: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 207 մլն դրամ, 2018թ. շուրջ 18 մլն դրամի աշխատանքներ արդեն իսկ կատարվել են: Այս տարի նախատեսվում է ծրագիրն ամբողջությամբ ավարտին հասցնել: Մարզի ղեկավարը մարզպետարանի քաղաքաշինության վարչությանը և համայնքի ղեկավարին հանձնարարեց աշխատանքների մեկնարկի առաջին իսկ օրվանից դրանք պահել խիստ վերահսկողության տակ:

-Անորակ աշխատանքը պարզապես չի ընդունվելու,-ասաց նա:

Պետական աջակցությամբ իրականացված Լեռնապատի թիվ 11 փողոցի ասֆալտապատման աշխատանքներին Ա. Ղուկասյանը տեղում ծանոթացավ: Ծրագրի արժեքը կազմել է 8.750 մլն դրամ, շինաշխատանքներն իրականացրել է «Վարանդյան Շին» ՍՊԸ-ն:

Մարզպետը եղավ նաև բժշկական ամբուլատորիայում, մանկապարտեզում, սպորտային խմբակում ծանոթացավ պայմաններին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36