Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Հրանտ Դինքի» անվան անտառում կիրականացվեն խնամքի, նոսրացման աշխատանքներ
09.04.2019
![](http://lori.mtad.am/files/n_pics/19877_s.jpg)
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը «Հրանտ Դինքի» անվան անտառում իրականացվելիք խնամքի, նոսրացման աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով իրազեկման միջոցառում անցկացրեց Լոռու մարզպետարանում, որին մասնակցում էին մարզպետարանի աշխատակիցներ:
Կազմակերպության անտառվերականգնման ծրագրերի ղեկավար Նավասարդ Դադյանը, խոսելով կազմակերպության հիմնադրման օրվանից՝ 1994թ.-ից, ՀՀ-ում իրականացված ծրագրերի մասին՝ ասաց, որ իրենց մեծագույն ձեռքբերումներից են համարում Մարգահովիտ համայնքին մոտ «Հրանտ Դինքի» անվան անտառի հիմնումը: Այն զբաղեցնում է 11 հա տարածք՝ 3000 սոճիներով:
-Անտառը շատ խիտ է աճել, սա իհարկե մեծ ձեռքբերում է, բայց այժմ այն նոսրացնելու խնդիր ունենք, քանի որ խտությունը խանգարում է ծառերի աճին,-ասաց Ն. Դադյանը:
Կազմակերպության անտառագետ Վահե Մարտիրոսյանն իր հերթին նշեց, որ խիտ աճը ոչ միայն խանգարում է ծառերի աճին, այլև կարող է ծառերի շրջանում հիվանդությունների տարածման պատճառ դառնալ և վնասել ողջ անտառին, հետևաբար 2-3 հա-ում անտառի նոսրացման և խնամքի աշխատանքներ կրականացվեն առաջիկայում: Այս մասին տեղյակ է պահվել բոլոր պատկան մարմիններին:
Ի դեպ, այս տարի կազմակերպությունը կնշի հիմնադրման 25-ամյակը՝ տնկելով 6 միլիոներորդ ծառը(տարեկան տնկվում է շուրջ 60.000 ծառ):