Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն աշխատանքային այցով Դարպաս համայնքում էր
05.04.2019
Ապրիլի 5-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Դարպաս համայնքում: Նա նախ խորհրդակցություն անցկացրեց համայնքի ղեկավար Արմեն Ալոյանի մասնակցությամբ: Մարզի ղեկավարը հիմնականում անդրադարձավ սեփական եկամուտների հավաքագրման խնդրին՝ նշելով, որ հարկերի հավաքագրումը համայնքների ղեկավարների պարտադիր լիազորությունն է և այն պետք է կատարվի առանց թերացումների: Խոշոր պարտքատերերի վերաբերյալ մարզպետն առաջարկեց իրականացնել իրավաչափ գործողություններ: Անդրադարձ կատարվեց նաև համայնքային մի շարք խնդիրների:
Ա. Ղուկասյանը շրջեց նաև համայնքային կենտրոնում, եղավ գրադարանում և մանկապարտեզում, ծանոթացավ պայմաններին: Մարզպետն այցելեց նաև դպրոց: Տնօրենի, մանկավարժական կոլեկտիվի և աշակերտների հետ զրուցում Ա. Ղուկասյանը կարևորեց կրթության որակի բարձրացումը, ինտերակտիվ, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ դասապրոցեսի կազմակերպումը:
Շրջայցի ընթացքում նա անբավարար գնահատեց դպրոցի երկու սանհանգույցներից մեկի հիգիենիկ վիճակը և տնօրենին հանձնարարեց այն բերել պատշաճ տեսքի:
Այցի շրջանակներում Ա. Ղուկասյանը եղավ նաև համայնքի բնակիչներից մեկի կողմից ստեղծված ջերմոցային տնտեսությունում, որն այս տարի անգործության է մատնված: Մարզպետն այն գործարկելու համար խորհուրդ տվեց օգտվել կառավարության կողմից առաջարկվող գյուղատնտեսական աջակցության ծրագրերից: Վերջիններիս ծանոթանալու համար բնակիչը հրավիրվեց Լոռու մարզպետարան:
Հիշեցնենք, որ ծրագրերի վերաբերյալ տեղակտվությունը հասանելի է ինչպես ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքէջում, այնպես էլ՝ Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքէջում և ֆեյսբուքյան էջում: