Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը շնորհակալագրով պարգևատրեց Ռոզա Բեկչյանին
03.04.2019
Այսօր մարզպետն իր աշխատասենյակում ընդունեց «Լոռու մարզի» նոտարական տարածքի նոտար Ռոզա Բեկչյանին: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը:
Լ. Ասլանյանի ներկայացմամբ՝ նոտար Ռ. Բեկչյանը, տևական ժամանակ համագործակցելով Լոռու մարզպետարանի հետ, մեծ աջակցություն է ցուցաբերել գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած քաղաքացիների բնակարանային շինարարության պայմանագրերի նոտարական վավերացման հարցում:
Մարզպետը, շնորհակալություն հայտնելով քաղաքացիների նկատմամբ ցուցաբերած հոգատար և անշահախնդիր վերաբերմունքի համար, նշեց, որ բարձր է գնահատում, տիկին Բեկչյանի ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային որակները:
-Ձեր օրինակը, կարծում եմ, պետք է վարակիչ լինի բոլորի համար: Մեր ամենօրյա աշխատանքի ընթացքում առնչվում ենք սոցիալական տարբեր կարգավիճակ ունեցող քաղաքացիների հետ, և մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է համբերատար ու հոգացավ լինել նրանց խնդիրների նկատմամբ,-ասաց Ա. Ղուկասյանը:
Մարզպետը Ռոզա Բեկչյանին պարգևատրեց շնորհակալագրով և վստահություն հայտնեց, որ համագործակցությունը կշարունակվի: