Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի ղեկավարը հանդիպեց կաթ մթերող ըկերությունների ղեկավարների հետ
28.03.2019
Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ինչպես և խոստացել էր, հանդիպեց մարզի կաթ մթերող 11 ընկերությունների ղեկավարների հետ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ մարզի ղեկավարի հետ հանդիպելով, կաթ արտադրող ընկերությունները բարձրացրել էին կաթի գնի նվազեցման հարցը՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել հարցի կարգավորման ուղղությամբ:
Շնորհակալություն հայտելով հանդիպման առաջարկությունն ընդունելու համար՝ մարզպետ Ա. Ղուկասյանը ներկայացրեց կաթ արտադրողների անհանգստությունը: Նա նշեց, որ անասնապահները մտավախություն ունեն, որ կաթի գները գնալով նվազում են, ինչն անարդյունավետ է դարձնում անասնապահությունը: Երևույթը դիտարկելով որպես շուկայական հարաբերություններով պայմանավորված գործընթաց՝ մարզպետն այնուամենայնիվ առաջարկեց հնարավորինս բարեխղճություն ցուցաբերել, որոշակի զիջումների գնալ մինչ խնդրի կարգավորումը:
Կաթ մթերող ընկերությունների ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրեցին մի շարք խնդիրներ, որոնցով են նաև պայմանավորված գնային նման տատանումները: Ըստ նրանց, առաջնային խնդիրներից է կաթի փոշու մեծաքանակ ներկրումը, որը կաթը դարձնում է շուկայում անմրցունակ, դժվարություններ ունեն նաև կաթնամթերքի արտահանման առումով, կարևորեցին նաև հարկային պարտավորությունների նվազեցման հարցը և այլն:
Արտահանման հետ կապված խնդրին մարզի ղեկավարը խոստացավ անձամբ աջակցել, իսկ մնացած խնդիրները քննարկել պատկան մարմինների հետ: