Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Առկա տվյալներն ավարտուն տեսքի կբերվեն մինչև ապրիլի 5-ը
28.03.2019
Ամիսներ առաջ ՀՀ վարչապետի հանձնարարականով, որին էլ հաջորդող Լոռու մարզպետի նոյեմբերի 23-ի կարգադրությամբ Լոռու մարզպետարանում ձևավորվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքով ձևավորված և մինչ օրս գործող տնակային ավաններում բնակվող ընտանիքների կարգավիճակի և հետագա բնակապահովման խնդիրների ուսումնասիրությամբ, դրանց լուծման համար առաջարկությունների մշակմամբ:
Մարտի 27-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ անցկացվեց աշխատանքային խմբի հերթական հանդիպումը՝ առկա տվյալները քննարկելու և փաստագրումների ընթացքում առաջացած խնդիրները բարձրաձայնելու նպատակով: Քննարկումը վարում էր խմբի անդամ, Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը:
Նշվեց, որ տվյալները դեռևս համալրման և ճշգրտման կարիք ունեն: Քննարկման արդյուքում որոշում կայացվեց հավաքագրված տվյալները մինչև ապրիլի 5-ը ավարտուն տեսքի բերել՝ ներկայացնելով մարզի ղեկավարի ուշադրությանը, իսկ արդեն ապրիլի առաջին տասնօրյակում դրանք կքննարկվեն ՀՀ քաղաքաշինական պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի մասնակցությամբ Լոռու մարզում անցկացվելիք խորհրդակցության ընթացքում: