Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Ես կոչված եմ ծառայելու հանրությանը ու պաշտպանելու բնակչության շահերը». Մարզպետն աշխատանքային այցով Ստեփանավանի տարածաշրջանում էր

25.03.2019

Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մի խումբ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ իր աշխատանքային օրն անցկացրեց Ստեփանավանի տարածաշրջանում: Նա նախ խորհրդակցություն անցկացրեց Լոռի բերդ խոշորացված համայնքի Բովաձոր բնակավայրում, որտեղից հատկապես վերջին շրջանում բավականին թվով  բողոքներ էին ստացվում խմելու ջրի ոչ պիտանի լինելու, գրադարանի աշխատանքի, ճանապարհի անբարեկարգ լինելու, ոչ հասցեական նպաստառության դեպքերի և այլն:

Համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը ներկայացրեց նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքները՝ նշելով, որ մի քանի կարևոր ծրագրեր են իրականացվել: Նա կարևոր ձեռքբերում համարեց նաև այն, որ Բովաձոր համայնքում չմշակվող հողատարածքների 22 տոկոսն այս տարի իր բացատրական աշխատանքների արդյունքում արդեն մշակվում են:

Նա նաև անդրադարձավ խմելու ջրի խնդրին՝ նշելով, որ 2008թ.-ին ավելի քան 11 մլն դրամի շրջանակներում բնակավայրի ջրի ներքին ցանցի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել, հետագայում ևս որոշակի աշխատանքներ են տարվել, բայց դրանից ջրի որակը չի փոխվել, քանի որ ջուրը չի քլորացվում: Իրենք նախահաշիվ են կազմել. Բովաձորի ներքին ջրամատակարարման հարցը վերջնական լուծելու համար շուրջ 60 մլն դրամի ներդրում է պետք:

Մարզպետը, ողջունելով համայնքի բնակիչներին, նշեց, որ շատ գեղեցիկ բնակավայրում են ապրում և հույս հայտնեց, որ ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներից հետո այն կդառնա մարզի ամենագողտրիկ անկյուններից մեկը: Նա ընդգծեց հատկապես ճանապարհի հիմնանորոգման անհրաժեշտությունը, ջրագծի վերանորոգման հրատապությունը, որոնք, սակայն, լուրջ ներդրում են պահանջում: Ա. Ղուկասյանը նշեց, որ խնդիրը կքննարկվի մարզպետարանում և փորձ կարվի լուծման տարբերակներ գտնել: Խոսելով չմշակվող հողերի խնդրից՝ կոչ արեց ակտիվորեն զբաղվել գյուղատնտեսությամբ՝ նշելով, որ այն գյուղաբնակների համար կարող ա դառնալ եկամտի լուրջ աղբյուր:

Անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերին՝ նա ողջունելի համարեց, որ Լոռի Բերդն ամենաակատիվներից է, սեփական եկամուտների մասով ևս մարզում առաջատարներից  մեկն է:

-Ինչ-որ սխալ տպավորություն է ստեղծվել, որ ես հովանավորում եմ ինչ-որ համայնքապետի կամ պաշտոնյայի: Նման բան չկա ու չի կարող լինել: Ես կոչված եմ ծառայելու հանրությանը ու պաշտպանելու բնակչության շահերը: Ինչ վերաբերում է տարբեր հարթակներում բարձրաձայնված ոչ օրինաչափ գործողություններին, դրանցով արդեն զբաղվում են իրավապահ մարմինները՝ անկախ դրանց վաղեմության ժամկետներից: Ինչ վերաբերում է համայնքների ղեկավարներին, ապա ես նրանց գնահատում եմ միմիայն իրենց կատարած աշխատանքով: Դուք պետք է վստահ լինեք, որ եթե հարկ եք մուծում, ապա այդ գումարները պետք է ծախսվեն նպատակային,-ասաց մարզի ղեկավարը:

Համայնքի բնակիչները նաև բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրները: Մարզի ղեկավարը դրանց տվեց սպառիչ պատասխաններ և խոստացավ նաև ընթացքում անդրադառնալ դրանց:

Մարզպետը շրջայց կատարեց նաև համայնքում, եղավ տեղի դպրոցում, ծանոթացավ պայմաններին, խաղահրապարակում կատարված աշխատանքներին:

Այնուհետև մարզի ղեկավարն այցելեց Ստեփանավան՝ ներկա գտնվելով Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցում Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին նվիրված միջոցառմանը, մասնակցեց նաև դպրոցի գրադարանի բացմանը: Ա. Ղուկասյանը դպրոցի գրադարանին գրքեր նվիրեց:

Այցելության վերջին կանգառը՝ Վարդաբլուր համայնքն էր: Այստեղ մարզի ղեկավարը եղավ մշակույթի տանը, որի տանիքը վերանորոգվել էր: Մշակույթի տան տնօրենը նշեց, որ վերանորոգման առաջնահերթություն ունի նաև մշակույթի տան դահլիճը, հատակը, պետք է փոխվեն պատուհանները: Ա. Ղուկասյանը խոստացավ առաջին իսկ հնարավորության դեպքում անդրադառնալ այդ խնդիրներին ևս:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 13:13:38