Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Այցերի նպատակն է ի ցույց դնել դպրոցներում տիրող իրավիճակը՝ այդ կերպ նպաստելով կրթական և ուսումնասդաստիարակչական գործընթացի բարելավմանը»

21.03.2019

 Նախորդ շաբաթ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանը և վարչության մի խումբ աշխատակիցներ Լոռու մարզպետի հանձնարարությամբ անակնկալ այցեր են կատարել մարզային ենթակայության Լերմոնտովոյի, Շահումյանի, Աքորու միջնակարգ, Վանաձորի թիվ 22, Ալավերդու թիվ 2, թիվ 12, թիվ 4 հիմնական դպրոցներ: Շրջայցերի ընթացքում վեր են հանվել երեխաների ուսումնական կարիքները, ուսումնասիրվել են հաճախումները, մատենավարությունը, վարչական և ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատաժամանակը և փաստացի ներկայությունը դպրոցներում, շենքի և գույքի պահպանության խնդիրները:
Ինչպես տեղեկացանք Ռ. Հարությունյանից, ուսումնասիրությունների ընթացքում գրեթե բոլոր դպրոցներում արձանագրվել են բացթողումներ: Մասնավորապես՝ Ալավերդու թիվ 4 դպրոցում վատ է եղել շենքի պահպանման վիճակը, առանձին դասասենյակներում առկա է եղել լուսավորության խնդիր, պարզվել է, որ հաշվապահն աշխատանքի է ներկայանում ոչ սահմանված ժամաքանակով: Այդպիսի խնդիր է հայտնաբերվել նաև Վանաձորի թիվ 22 դպրոցում: Աքորու դպրոցում խիստ ցածր մակարդակի վրա է եղել մատենավարությունը: Շահումյանի դպրոցում սանիտարահիգիենիկ պայմանները խիստ վատթար են եղել և տնօրենին հանձնարարվել է առաջնային կարգով վերանորոգել սանհանգույցները և ճաշարանը: Դպրոցներից մեկում ներառական դասասենյակը տեղակայված է եղել 4-րդ հարկում և այլն:
-Առանձին դեպքերում որոշ ուսուցիչներ խիստ անտարբեր վերաբերմունք են ցուցաբերել դասապրոցեսի նկատմամբ: Հաճախ է պատահում, որ դպրոցների տնօրինությունը երեխաների կարիքների վերհանման ուղղությամբ սահմանափակ աշխատանքներ է իրականացնում: Արձանագրված թերությունների վերաբերյալ տրվել են համապատասխան հանձնարարականներ, որոնց շտկման համար 10-օրյա ժամկետ է սահմանվել: Անակնկալ այցերը լինելու են շարունակական: Այցերի նպատակն է ոչ միայն ի հայտ բերել բացթողումները, այլև ի ցույց դնել դպրոցներում տիրող իրավիճակը՝ այդ կերպ նպաստելով կրթական և ուսումնադաստիարակչական գործընթացի բարելավմանը:
Մյուս դպրոցների տնօրեններին հորդորում ենք ուշադիր լինել նմանատիպ բացթողումների նկատմամբ, մեծ ուշադրություն դարձնել երեխաների կրթական կարիքներին,-ասաց Ռ. Հարությունյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:19:08