Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորի բժշկական կենտրոնի և ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի միջև կնքված համագործակցության հուշագրով կրթական մի շարք ծրագրեր իրականացնելու համաձայնություն է ձեռք բերվել

15.03.2019

 Այսօր Վանաձորի բժշկական կենտրոնում համագործակցության հուշագիր ստորագրեցին ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը և Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը: Հուշագրով համաձայնություն ձեռք բերվեց հենց Վանաձորի բժշկական կենտրոնում իրականացնելու կրթական մի շարք ծրագրեր, որոնք վերաբերում են բուժքույրերի, միջին բժշկական անձնակազմի, ինչպես նաև առաջնային օղակի բժիշկների վերապատրաստումների, շարունակական մասնագիտական զարգացման համատեղ ծրագրերի իրականացմանը, հետագայում նաև կոնֆերանսների, գիտական տարբեր միջոցառումների անցկացմանը և այլն:
Ա. Բազարչյանը վստահեցրեց, որ դրանք կնպաստեն բժշկական ծառայությունների և առողջապահական ներուժի հզորացմանը: Վերապատրաստումները կիրականացվեն տեղում Երևանից ժամանած, ինչպես նաև տեղի մասնագետների միջոցով: Անհրաժեշտության դեպքում մասնագետներ կհրավիրվեն նաև այլ երկրներից:
Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Մխիթարյանը նշում է, որ կառույցի հետ համագործակցելու հարցը մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ քննարկվել է տևական ժամանակ և առավել արդիականացել, երբ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարզի բուժհաստատություններում աշխատող շատ բուժքույրեր, առաջնային օղակի բժիշկներ ունեն վերապատրաստումների կարիք: Վերջինս բավականին բարդ էր կազմակերպել զուտ ֆինանսական ծախսերի առումով, քանի որ նրանք վերապատրաստումները պետք է անցնեին մայրաքաղաքում: Ուստի համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի ղեկավարության հետ վերապատրաստումները կազմակերպելու Վանաձորի բժշկական կենտրոնի բազայի հիման վրա, ինչի արդյունքն էլ եղավ հուշագրի ստորագրումը:
-Արդյունքում կունենանք որակյալ բուժանձնակազմ և հետևաբար՝ որակյալ ծառայություններ: Հետագայում ակնկալում ենք նաև բժիշկների մասնագիտական վերապատրաստումներ կազմակերպել,-ասում է վարչության պետը:
Տնօրեն Վ. Մկրտչյանը նշում է, որ իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից քայլեր է ձեռնարկում բժշկական կենտրոնը դարձնելու նաև գիտակրթական օջախ, բժիշկ-մասնագետների համատեղ քննարկումների կենտրոն: Պաշտոնավարման երկու ամսվա ընթացքում արդեն 4 նմանատիպ նախաձեռնություն է իրականացվել:
Նա ուրախությամբ նշում է նաև, որ «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունը, որն արդեն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, 8 մլն դրամ արժողությամբ բոլորովին նոր, գերժամանակակից սարքավորումներ է նվիրել կենտրոնին, այդ թվում՝ արյան անալիզատոր: Ու քանի որ, ինչպես հայտնի է, այստեղ առաջիկայում նախատեսվում է ունենալ ինվազիվ սրտաբանական ծառայություն, այդ սարքը շատ օգտակար կլինի սրտամկանի սուր ինֆարկտը ախտորոշելու շատ արագ, բարձր զգայուն թեսթերի միջոցով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 18:18:02