Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզում իրականացվող վիրաբուժական ծառայություններն արժանացան բարձր գնահատականի
13.03.2019
Վանաձորի բժշկական կենտրոնում հրավիրված խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարարության բշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, նախարարի ընդհանուր վիրաբուժության գծով խորհրդատու Սուրեն Ստեփանյանը, սրտաբանական գծով խորհրդատու Համլետ Հայրապետյանը, նախարարի օգնական Հովհաննես Հարությունյանը, Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Մխիթարյանը, Լոռու մարզի բժշկական կենտրոնների տնօրենները, վիրաբուժական բաժանմունքների ղեկավարները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Լոռու մարզում բժշկական կենտրոնների վիրաբուժական ծառայությունների որակի, կատարվող վիրահատական միջամտությունների ծավալների, բժշկական կենտրոններում վիրաբուժությանն առնչվող, ինչպես նաև՝ մասնագիտական կադրերով և բուժսարքավորումներով հագեցվածության հետ կապված խնդիրներ:
Նախարարությունից ժամանած պաշտոնյաները բարձր գնահատականի արժանացրեցին Լոռու մարզում իրականացվող վիրաբուժական ծառայությունները: Խորհրդակցության ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց պարբերաբար կազմակերպել վիրաբուժական մասնագիտական վերապատրաստումներ և ինչպես պետական, այնպես էլ՝ բժշկական կենտրոնների միջոցներով ձեռք բերել անհրաժեշտ բուժսարքավորումներ:
Քննարկվեց նաև Վանաձորի բժշկական կենտրոնում ինվազիվ սրտաբանական ծառայություն իրականացնելու հարցը: Այդ նպատակով արդեն իսկ իրականացվել է բուժանձնակազմի վերապատարսատում: