Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկայի տնօրեն է նշանակվել Կարինե Բաղդասարյանը
05.03.2019
Հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հարյուր տոկոս պետության սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող «Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 26-ի թիվ 5 որոշումը և հաշվի առնելով Կ. Բաղդասարյանի դիմումը՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի 2019թ. մարտի 1-ի, թիվ 71-Ա որոշմամբ Կարինե Բաղդասարյանը նշանակվել «Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի տնօրեն:
Մարտի 4-ին այցելելով բուժհաստատություն՝ Կ. Բաղդասարյանին կոլեկտիվին ներկայացրեց Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Մխիթարյանը:
Իր և մարզի ղեկավարի կողմից շնորհավորելով բժշկուհուն նշանակման կապակցությամբ՝ Ա. Մխիթարյանը նրան մաղթեց աշխատանքային հաջողություններ: Նա հուս հայտնեց, որ Կ. Բաղդասարյանը պետության, այդ թվում և մարզային իշխանությունների որդեգրած քաղաքականության կրողը կլինի՝ այս օղակում ապահովելով բարձրորակ բուժծառայություններ և իսպառ բացառելով կոռուպցիոն ցանկացած դրսևորում:
Վարչության պետն իր խոսքում ընդգծեց նաև առողջապահության առաջնային օղակի վրա շեշտադրում կատարելու՝ պետության կողմից որդեգրած քաղաքականության իրացումը՝ վստահեցնելով, որ դրա համար ստեղծվել և ստեղծվելու են նպաստավոր պայմաններ: