Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մեկ անգամ ևս կարևորեց մրցույթների հրապարակայնությունը, թափանցիկությունն ու անկողմնակալությունը
05.03.2019
Մարտի 4-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մասնավորապես տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, կրթության, քաղաքաշինության, առողջապահության, սոցիալական ապահովության, գյուղատնտեսության ոլորտներին առնչվող մի շարք օրախնդիր հարցեր, որոնց վերաբերյալ մարզի ղեկավարը հանդես եկավ ցուցումներով և հանձնարարականներով: Նա ստորաբաժանումների ղեկավարներին պահանջ ներկայացրեց քաղաքացիների դիմումներին տալ ամբողջական և հստակ պատասխաններ՝ անկախ նրանից՝ պատասխանը դրական, թե՝ բացասական բովանդակություն ունի:
Անդրադառնալով մարզային ենթակայության հիմնարկներում առկա և համայնքային ծառայության թափուր աշխատատեղերի մրցույթներին՝ Ա. Ղուկասյանը մեկ անգամ ևս կարևորեց դրանց հրապարակայնությունը, թափանցիկությունն ու անկողմնակալությունը՝ պահանջներ, որոնք պետք է կատարվեն առանց թերացումների և բացթողումների:
Նա կարևորեց նաև տարբեր ներդրումներ ներգրավելու ուղղությամբ տարվող աշխատանքների ինտեսնիվությունը և հետևողականությունը:
Անդրադառնալով եկամուտների հավաքագրման գործընթացին՝ մարզի ղեկավարը համապատասխան վարչություններին հանձնարարեց ամենօրյա հետևողական աշխատանքներ իրականացնել թերացող համայնքների հետ, այդ թվում՝ անհատական աշխատանքներ՝ խոշոր պարտք ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ, անհրաժեշտության դեպքում դիմել նաև իրավաչափ գործողությունների: