Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողովը՝ փետրվարի 23-ին. Մենք վստահ ենք, որ այս քայլով մեր մարզում ներդրումների ակտիվացման և տնտեսական աճի սկիզբ կդրվի
19.02.2019

Փետրվարի 18-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզային և հանրապետական լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված մամլո ասուլիսում անդրադարձավ «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողովին: Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ համաժողովը կանցկացվի փետրվարի 23-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում:
-2019թ. առաջին համաժողովը Հայաստանում ներդրումների ակտիվացման և մարզում տնտեսական աճը խթանելու նպատակ ունի: Ֆորումին պատրաստվում ենք արդեն մի քանի ամիս շարունակ: Նախատեսում ենք ներկայացնել ավելի քան 50 ներդրումային ծրագիր, որոնք առնչվում են տնտեսության տարբեր ճյուղերին, թեև՝ որպես գերակա ճյուղեր, առանձնացրել ենք գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, թեթև արդյունաբերությունը և տեղեկատվական տեխնոլոգիաները: Լինելու է նաև էքսպո-ցուցահանդես, որի ընթացքում մարզի արտադրողները կներկայացնեն իրենց արտադրանքը: Նախատեսվում են քննարկումներ խոշոր գործարարների և պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: Համաժողովի շրջանակներում նաև ֆիլմ է նկարահանվել, որը կցուցադրվի նույն օրը: Օրվա երկրորդ կեսին երկու տարբեր դահլիճներում կներկայացվեն իմ նշած ներդրումային ծրագրերը, որոնք, ի դեպ, ներկայանալի տեսքի են բերվել մեր ջանքերով: Միջոցառմանը ներկա է լինելու ՀՀ վարչապետը, բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, գործարարներ արտերկրից և տեղից:
Մենք վստահ ենք, որ այս քայլով սկիզբ կդրվի մեր մարզում ներդրումների ակտիվացման և տնտեսական աճի: Ծրագրերը լինելու են փոխշահավետ, մարզպետարանը միջնորդ է հանդիսանալու գործարար կապերի ստեղծման հարցում և պատրաստակամ է աջակցելու իր հնարավորությունների և իրավասությունների սահմաններում: Հավանություն արժանացած ծրագրերի դեպքում իր աջակցությունը կցուցաբերի նաև կառավարությունը:
Նշեմ, որ մեծ ակտիվություն է նկատվում:
Ֆորումի կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու համար մեծ ջանքեր են գործադրել այդ նպատակով ստեղծված աշխատանքային խումբը, մարզպետարանի առանձին աշխատակիցներ, հրավիրված ընկերություններ, նաև կամավորներ վանաձորյան բուհերից: Վստահ եմ, միջոցառումը կանցնի բարձր մակարդակով և կտա իր ցանկալի արդյունքը:
Ներկա լրագրողները մարզի ղեկավարին նաև հարցեր ուղղեցին համաժողովի արդյունավետության, ծրագրերի բնույթի, ակնկալվող աշխատատեղերի և այլնի վերաբերյալ, որոնց Ա. Ղուկասյանը տվեց սպառիչ պատասխաններ: