Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ցանկացած դեպքի կապակցությամբ պետք է բացառվի սուբյեկտիվ մոտեցման գործոնը. Լոռու մարզպետ

12.02.2019

 Փետրվարի 12-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը, մարզպետն անդրադարձավ ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկված հարցերին և տրված հանձնարարականներին, ինչպես նաև «Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ․ենթակառուցվածքների զարգացում» խորագիրը կրող համաժողովում արծարծված խնդիրներին՝ քննարկված հարցերի վերաբերյալ, ըստ ստորաբաժանումների, նաև տալով հստակ ցուցումներ:
Մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Խաչատրյանը ներկայացրեց ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքները՝ նշելով, որ թե՛ մարզի ղեկավարի կողմից և թե՛ տարբեր գերատեսչություններից ստացված հանձնարարականները կատարվել են ժամկետների մեջ:
Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ևս հանդես եկան շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ համառոտ հաշվետվություններով՝ մասնավորապես անդրադառնալով տարբեր գերատեսչություններից և մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարմանը: Անդրադարձ կատարվեց նաև ընթացիկ խնդիրներին:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Արտավազդ Բեջանյանը, անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին, նաև տեղեկացրեց, որ փետրվարի 8-ի դրությամբ հարկերի հավաքագրումները նորմալ ընթացք ունեն և սեփական եկամուտների կատարողականը կազմել է 33, հողի հարկինը՝ 28,4 և գույքահարկինը՝ 33,7 տոկոս: Նա տեղեկացրեց նաև, որ մարզպետի հանձնարարությամբ միջոցներ են ձեռնարկվում 500 հազար դրամ և ավելի հարկային պարտավորություններ ունեցող անձանցից պարտքերը գանձելու ուղղությամբ:
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Մխիթարյանը, վարչության ընթացիկ աշխատանքները ներկայացնելով, նաև նշեց, որ առողջական խնդիրներ ունեցող 4 երեխա ուղեգրվել է «Ջերմուկ» առողջարան: Այս, ինչպես նաև այլ ոլորտների հետ կապված՝ մարզպետը խստորեն հանձնարարեց բացառել սուբյեկտիվ մոտեցման գործոնը և առաջնորդվել միայն օրենքով ու արդարության սկզբունքով: Ընդգծելով, որ սոցիալական ապահովության ու մասնավորապես՝ նպաստառության սահմանման ապօրինությունների վերաբերյալ բավականին շատ բողոքներ են ստացվում՝ Ա. Ղուկասյանը հանձնարարեց խորհրդակցության հրավիրել տարածաշրջանային պատասխանատուներին և ամենօրյա խիստ վերահսկողության տակ պահել փաստագրման գործընթացը:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանը մարզի ղեկավարին մասնավորապես զեկուցեց տարբեր դպրոցներից ստացված դիմում-բողոքների ուղղությամբ իրականացված քայլերի վերաբերյալ:
Ա. Ղուկասյանի կողմից Քաղաքաշինության և ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություններին ուղղված հիմնական ցուցումները վերաբերում էին «Մաքուր Հայաստան» համապետական շաբաթօրյակին ընդառաջ իրականացվելիք աշխատանքներին:
-Համայնքների ղեկավարները հստակ գույքագրում իրականացնելուց հետո ձեր վերահսկողությամբ պետք է սկսեն մաքրման և ապօրինի աղբավայրերի փակման աշխատանքները: Խիստ վերահսկողություն պետք է սահմանել նաև ճանապարհամերձ տարածքների մաքրման ուղղությամբ: Մինչև համապետական շաբաթօրյակի օրը՝ մարտի 23-ը, աշխատանքների մեծ մասը պետք է ավարտաված լինի,-ասաց Ա. Ղուկասյանը:
Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը մասնավորապես զեկուցեց «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես-ֆորումի կազմակերպման ընթացիկ աշխատանքների մասին: Նա ներկայացրեց նաև մարզի մակրոտնտեսական ցուցանիշերը և իրականացված մոնիտորինգի արդյունքները:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանը մարզի անասնաբույժների հետ համայնքների կողմից պայմանագրերի կնքման հանձնարարականի վերաբերյալ զեկուցեց, որ 56 համայնքից 50-ն արդեն կնքել են պայմանագրեր: Ա. Շահվերդյանը տեղեկացրեց նաև, որ սկսվել է մարզի գյուղացիական տնտեսություններին պետական աջակցությամբ մատչելի գներով տրվող սերմացուի բաշխման գործընթացը:
Մյուս ստորաբաժանումների ղեկավարները նույնպես ներկայացրեցին ընթացիկ աշխատանքներ, որոնց հետ կապված ևս մարզի ղեկավարը հանդես եկավ հստակ ցուցումներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59