Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դսեղի և Չկալովի համայնքապետերը հանդես եկան տարեկան հաշվետվություններով
06.02.2019
Փետրվարի 5-ին Լոռու մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ եղավ Դսեղ և Չկալով համայնքներում՝ ներկա գտնվելով ավագանու նիստերին: Համայնքների ղեկավարները՝ Դսեղի գյուղապետ Գառնիկ Հովսեփյանը և Չկալովի գյուղապետ Ռոման Շաքարյանը ներկայացրեցին տարեկան հաշվետվությունները՝ անդրադառնալով բյուջեների ծախսային և եկամտային մասերին, տարեկան աշխատանքային պլանով նախատեսված աշխատանքների կատարմանը: Նրանք անդրադարձան նաև 2019թ. նախատեսված ծրագրերին՝ նշելով, որ դրանք համապատասխանեցված են համայնքների զարգացման հնգամյա ծրագրերին և 2019թ. տարեկան աշխատանքային պլաններին: Դսեղի համայնքապետը նշեց, որ այս տարի նախատեսում են բարեկարգել գյուղամիջյան ճանապարհները, փողոցային լուսավորություն կազմակերպել, իսկ Չկալովում այս տարի նախատեսում են նորոգել դպրոցի տանիքը, լուսավորել ճանապարհները և ցանկապատել գերեզմանի տարածքը:
Դսեղ համայնքում բուռն քննարկում ծավալվեց հաստիքների կրճատման վերաբերյալ: Ավագանու անդամները նշեցին, որ համայնքային բյուջեի կեսից ավելին տրամադրվում է աշխատավարձի ֆոնդին, հետևաբար հնարավոր չի լինում տեսանելի ծրագրեր իրականացնել գյուղում: Փոխմարզպետն առաջարկեց առավել հանգամանորեն քննարկել հարցը և լուծման արդյունավետ տարբերակներ գտնել:
Այցի շրջանակներում մարզպետի տեղակալ եղավ նաև համայնքների դպրոցներում, ծանոթացավ պայմաններին և դասասենյակների ջերմային ռեժիմին: