Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն
04.02.2019
Փետրվարի 4-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը փոխմարզպետ Արշակ Հովսեփյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Լոռու մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը, ներկայացնելով նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, նշեց, որ «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես-ֆորումի ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում շարունակել է հանդիպում-քննարկումներ ունենալ մի շարք գործարարների հետ: Նրա տեղեկացմամբ՝ ֆորումին մասնակցելու համար արդեն իսկ հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել 36 գործարարի հետ: Շարունակվում են բանակցությունները արտասահմանում բնակվող լոռեցի գործարարների հետ:
Մարզպետի տեղակալն անդրադարձավ նաև նախորդ շաբաթ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում անցկացված «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի 2019 թվականի առաջին նիստի ընթացքում քննարկված հարցերին՝ մասնավորապես նշելով, որ այս տարվա մարտի 23-ին նախատեսվում է անցկացնել հերթական համապետական շաբաթօրյակը: Վերջինիս հետ կապված՝ Ա.Ղուկասյանը մարզպետարանի համապատասախան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց, քայլեր ձեռնարկել, որպեսզի մինչև նշված ժամկետը աշխատանքների շուրջ 90 տոկոսն արված լինի:
Ա. Հովսեփյանը տեղեկացրեց նաև, որ, ըստ հստակ ժամանակացույցի, մասնակցություն է ցուցաբերվում համայնքների ղեկավարների կողմից ներկայացվող հաշվետվություններին:
Մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Խաչատրյանը ներկայացրեց ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքները՝ նշելով, որ բոլոր հանձնարարականները կատարվել են ժամկետների մեջ:
Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ևս հանդես եկան շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ համառոտ հաշվետվություններով՝ մասնավորապես անդրադառնալով տարբեր գերատեսչություններից և մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարմանը: Անդրադարձ կատարվեց նաև ընթացիկ խնդիրներին:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Արտավազդ Բեջանյանը, անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին, նաև տեղեկացրեց, որ փետրվարի 1-ի դրությամբ հարկերի հավաքագրումները նորմալ ընթացք ունեն և հունվար ամսվա սեփական եկամուտների պլանը կատարվել է 117,9 տոկոսով, թեև եղել են նաև թերացող համայնքներ: Ա. Ղուկասյանը հանձնարարեց հատկապես թերացող համայնքներին պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում: Նա հանձնարարեց նաև 500 հազար դրամ և ավելի հարկային պարտավորություններ ունեցող անձանց պարտքերը մարելու ուղղությամբ համապատասխան իրավաչափ գործողություններ իրականացնել:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանը մարզի ղեկավարին զեկուցեց, որ Վանաձորի արվեստի պետական քոլեջի մասնաշենքի (այստեղ է տեղակայված նաև «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի Վանաձորի մասնաճյուղի) շարունակվող հիմանորոգման աշխատանքների հետ կապված ուսանողների դասապրոցեսը հիմնականում հնարավոր է եղել կազմակերպել, բացառությամբ կերպարվեստի բաժնի ուսանողների: Այս ուղղությամբ ներկայում բանակցություններ են տարվում Վանաձորի պետական համալսարանի հետ՝ վերջինիս կողմից Վանաձորի թիվ 6 հիմնական դպրոցում վարձակալված դասասենյակներում դասապրոցեսը կազմակերպելու խնդրանքով:
Մարզպետը հանձնարարեց ամեն օր հետևել դպրոցների դասասենյակների ջերմային ռեժիմին և պահանջված նորմերի խախտումների դեպքում ձեռք առնել համապատասխան միջոցառումներ:
Հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյանն, ի թիվս այլ հարցերի, զեկուցեց նաև, որ մարզի տարածքում գործող բենզալցակայանների տարածքում սանհանգույցների առկայությանն ու դրանք ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ աշխատանքներն ավարտական փուլում են:
Մարզպետի ցուցումն այս առումով հստակ էր. քանի որ տնտեսվարողները տևական ժամանակ են ունեցել քայլեր ձեռնարկելու և չեն օգտվել ընձեռված հնարավորությունից, հետևաբար այսուհետ կձեռնարկվեն համապատասխան իրավաչափ գործողություններ:
Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանը զեկուցեց, որ ձմեռային զորակոչային պլանը մարզը կատարել է 105,3 տոկոսով: «Ես եմ» ծրագրով զորակոչվել է՝ 9 և «Պատիվ ունեմ» ծրագրով 11 զինակոչիկ:
Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանն, իր հերթին ներկայացնելով գործառութային մի շարք աշխատանքներ, նշեց նաև, որ «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես-ֆորումին ներկայացնելու համար արդեն վերջնականապես պատրաստ են խոշոր բիզնեսին առնչվող՝ 17, փոքր և միջին բիզնեսին առնչվող՝ 20 ծրագրեր: Նա նաև նշեց, որ ֆորումի կազմակերպչական աշխատանքներում կներգրավվեն կամավորներ՝ Վանաձորի բուհերից:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանը մարզի անասնաբույժների հետ համայնքների կողմից պայմանագրերի կնքման հանձնարարականի վերաբերյալ զեկուցեց, որ 56 համայնքից 40-նն արդեն կնքել են պայմանագրեր, մյուս 16-ի խնդիրը կկարգավորվի առաջիկա օրերին: Ա. Շահվերդյանը տեղեկացրեց նաև, որ օրերս կսկսվի մարզի գյուղացիական տնտեսությունների պետական աջակցությամբ մատչելի գներով տրվող սերմացուի բաշխման գործընթացը:
Մյուս ստորաբաժանումների ղեկավարները նույնպես ներկայացրեցին ընթացիկ աշխատանքներ, որոնց հետ կապված ևս մարզի ղեկավարը հանդես եկավ հստակ ցուցումներով: