Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեցին «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցության տրամադրման» և «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր

31.01.2019

Հունվարի 31-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց սեմինար-քննարկում, որի նպատակը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության կողմից Լոռու մարզում իրականացվելիք «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցության տրամադրման» և «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» ծրագրերի ներկայացումն էր:

Քննարկումը վարում էր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Մասնակցում էին մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը, մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ, մարզի բարձր լեռնային և սահմանամերձ համայնքների ղեկավարներ, Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների տնօրեններ, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ:

  Մարզպետը, ողջունելով ներկաներին, կարևորեց մարզպետարանի և Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ համայնքներն ակտիվորեն կընդգրկվեն առաջարկվող ծրագրերում:

Զբաղվածության պետական գործակալության Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանն իր հերթին, Լոռու մարզպետին շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպմանն աջակցելու համար, հանգամանորեն ներկայացրեց առաջարկվող ծրագրերը:

Անդրադառնալով «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության աջակցության տրամադրման» ծրագրին՝ Ա. Առաքելյանը նշեց, որ նպատակը սեզոնային զբաղվածության ապահովման միջոցով հանրապետության առավել խոցելի և աղքատ գյուղական բնակավայրերի բնակչության սոցիալական լարվածության մեղմումն ու աշխատանքի արտադրողականության բարձրացումն է, նրանց կայուն զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումը, իրավիճակից բխող մարտահրավերներին արագ արձագանքող միջոցներով` գյուղացիական տնտեսություններին աջակցելը: Ընդ որում ծրագիրն իրականացվում է միայն լեռնային և բարձր լեռնային, սահմանամերձ գյուղերում: Լոռու մարզում առանձնացվել է առաջարկվող պահանջներին համապատասխանող 25 համայնք:

Ծրագրում կարող են ընդգրկվել աշխատանքային տարիքի (16-63 տարեկան), գործունակ, հանրապետությունում ներկա, զբաղվածություն չունեցող, մինչև 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց  օգտագործող հանդիսացող (հետագայում հող օգտագործող), ում անունը կա հողի սեփականության վկայականում կամ վարձակալության կամ անհատույց  օգտագործման պայմանագրում (դրա մեջ չի մտնում տնամերձը), ընտանիքի անդամներն ընդգրկված չեն գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերում), աշխատաշուկայում անմրցունակ անձը, որը որպես աշխատանք փնտրող հաշվառվել է զբաղվածության տարածքային կենտրոնում և ցանկանում է մշակել իր հողը: Հող օգտագործողի ընտանիքի 16-63 տարեկան գործունակություն ունեցող անդամները, որոնք որպես աշխատանք փնտրող հաշվառվել են տարածքային կենտրոնում: Տարածքային կենտրոնում հաշվառված աշխատանք փնտրող անձը, որը ծրագրի շրջանակներում աշխատանքային պայմանագրով` որպես վարձու աշխատող, կամ քաղաքացիաիրավական պայմանագրով` որպես որոշակի ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող, ներգրավվում է հող օգտագործողի գյուղացիական տնտեսության աշխատանքներում:

Ծրագրերի տևողությունը առավելագույնը 180 օր է: Ծրագրում ընդգրկված հող օգտագործողին մեկ աշխատանքային օրվա համար նախատեսվում է վճարել չորս հազար դրամ, ծրագրում ընդգրկված հող օգտագործողի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար (ովքեր մշակում են հողը) գործատու հանդիսացող հող օգտագործողին՝ չորս հազար դրամ, ծրագրի շրջանակներում աշխատանքի ներգրավված յուրաքանչյուր վարձու աշխատողի համար (բացառությամբ ծրագրում ընդգրկված հող օգտագործողի ընտանիքի անդամի)՝ երեք հազար դրամ` ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքում` նպատակային սոցիալական վճարը:

Ներկայացնելով «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» ծրագիրը՝ Ա. Առաքելյանը տեղեկացրեց, որ նպատակը գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցով հանրապետությունում սոցիալական լարվածության մեղմումը և իրավիճակից բխող մարտահրավերներին արագ արձագանքող միջոցներով համայնքներին աջակցելն է: Ծրագրի կազմակերպման ոլորտներն են. սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների (դպրոց, մանկապարտեզ, բժշկական հաստատություն, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն, մշակույթի տուն) վերանորոգման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները (բացառությամբ սանիտարական մաքրման աշխատանքների), միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգման աշխատանքները (բացառությամբ սանիտարական մաքրման աշխատանքների), արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման օժանդակ աշխատանքները, պետական պատմական հուշարձանների, թանգարանների, եկեղեցիների հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները (բացառությամբ սանիտարական մաքրման աշխատանքների), գերեզմանատների ցանկապատման, բարեկարգման աշխատանքները (բացառությամբ սանիտարական մաքրման աշխատանքների): Բնակչության համար պաշտպանական նշանակություն ունեցող ինժեներական կառույցների շինարարական աշխատանքները: Ըստ Ա. Առաքելյանի, ծրագրում կարող են ընդգրկվել Զբաղվածության տարածքային կենտրոնում հաշվառված և գործազուրկի կարգավիճակ ստացած անձինք: Գործազուրկը ծրագրում կարող է ընդգրկվել մեկից ավելի անգամներ: Ծրագրում ընդգրկվելու առաջնահերթությունը տրվում է աշխատաշուկայում անմրցունակ հետևյալ անձանց. ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ, ընտանիքում առկա է երկու և ավելի անչափահաս, ընտանիքում առկա է հաշմանդամություն ունեցող անձ, ունեն արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկ: Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման առավելագույն տևողությունը երեք ամիս է:

 Վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկված գործազուրկին՝ օժանդակ աշխատանքներ կատարելու համար մեկ աշխատանքային օրվա համար վճարվում է հինգ հազ. դրամ՝ ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը: Աշխատավարձը վճարվում է աշխատած լրիվ օրերի համար:

Ծրագրի արժեքը չի կարող գերազանցել 1,500.0 հազ. դրամը (որի մեջ ներառված չէ համայնքային բյուջեների միջոցների հաշվին կատարվող ֆինանսավորումը):

Ծրագրի արժեքի առնվազն տասը տոկոսը ֆինանսավորվում է համայնքային բյուջեների միջոցների հաշվին, որը կարող է իրականացվել նաև ծրագրերի նախահաշիվներին համապատասխան` ապրանքային ներդրումների տեսքով: Ծրագրի միջոցները տրամադրվում են աշխատավարձերի վճարման, ինչպես նաև շինանյութեր, բարեկարգման համար անհրաժեշտ այլ պարագաներ (այսուհետ՝ ապրանքներ) ձեռք բերելու, տեղափոխելու, աղբահանության ծախսերը փոխհատուցելու նպատակով: Ապրանքներ ձեռք բերելու, տեղափոխելու, աղբահանության ծախսերը փոխհատուցելու նպատակով տրամադրվող գումարը չի կարող գերազանցել յուրաքանչյուր ծրագրի արժեքի 20 տոկոսը:

Ա. Առաքելյանը ներկայացրեց նաև ծրագրերի իրականացման ընթացքի հետ կապված մի շարք այլ պարզաբանումներ: Համայնքների ղեկավարներին առաջարկվեց ծրագրային առաջարկները ներկայացնել մեկ օրվա ընթացքում՝ ըստ տրամադրված ձևաչափի:

   

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 18:18:02