Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը եղավ զոհված զինծառայողներ Զորիկ Գևորգյանի և Արտյոմ Վարդերեսյանի ընտանիքներում
29.01.2019
2014թ. օգոստոսին Մարտակերտի ուղղությամբ հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս զոհված ավագ լեյտենանտ, վանաձորցի Զորիկ Գևորգյանն այսօր կդառնար 30 տարեկան: Զորիկի հարազատներին զորակցելու ու իր մշտական աջակցությունը հայտնելու համար այս հիշարժան օրը մարզպետ Անդրեյ Ղուկասյանը եղավ նրանց բնակարանում: Մտերմիկ և ջերմ զրույցի ընթացքում մարզպետը մեծապես կարևորեց հայոց քաջորդիների սխրանքը՝ նշելով, որ նրանց փառապանծ անունները ոսկե տառերով են գրված մեր պատմության էջերում:
Նույն օրը Ա. Ղուկասյանը եղավ նաև Կաթնաջուր համայնքում: Այստեղ է բնակվում 2016թ. մարտին զոհված ժամկետային զինծառայող Արտյոմ Վարդերեսյանի ընտանիքը: Վարդերեսյանների ընտանիքը ճակատագրի դաժան հարվածից հետո վերածնունդ ապրեց, երբ զոհված զինծառայողի ծնողները լույս աշխարհ բերեցին փոքրիկ Արտյոմին, ով դեռևս թոթվախոս, բայց լավ գիտի հերոս եղբոր սխրագործությունների մասին:
Մարզպետը պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում մշտապես սատար կանգնելու հերոսների ընտանիքներին և համեստ դրամական աջակցություն ցուցաբերեց: