Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տոնվեց ՀՀ զինված ուժերի ստեղծման 27-րդ տարեդարձը

29.01.2019

Հունվարի 28-ին Հայոց Բանակի օրվան նվիրված միջոցառումների շարքը մեկնարկեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի մոտ մատուցված հոգեհանգստյան կարգով և ծաղիկների խոնարհման արարողությամբ, որին մասնակցում էին Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Արշակ Հովսեփյանը, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, մարզային ու համայնքային իշխանությունների, զինվորական և հոգևոր դասի ներկայացուցիչներ:
Միջոցառումը շարունակվեց Վանաձորի զինվորական պանթեոնում,որտեղ նույնպես տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղում, հոգեհանգստի կարգ և ծաղիների խոնարհում զոհված ազատամարտիկների շիրիմներին:
Տոնական օրվա վերջին հանդիսավայրը ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի N զորամասումում էր, որտեղ հնչեցին շնորհավորանքի ու բարեմաղթանքի ելույթներ, կատարվեց հանդիսավոր շքերթ և զինվորական պարգևների հանձնման արարողություն:
Իր ելույթում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, շնորհավորելով սպաներին, զինվորներին և բոլոր ներկաներին, մասնավորապես նշեց.
- Կազմավորվելով ազգային ազատագրական պայքարի ընթացքում՝ հայոց բանակն իր գոյության իրավունքը վաստակեց Արցախյան հերոսամարտում տոնած փառահեղ հաղթանակով:
Հայ ժողովրդի համար բանակը դարձավ արարման անհրաժեշտ գրավականը: Եվ հենց սա է պատճառը, որ ժողովուրդն էլ իր առանձնահատուկ վերաբերմունքն ունեցավ բանակի նկատմամբ:
Հայկական զինված ուժերի 27-րդ տարեդարձը մենք տոնում ենք Նոր Հայաստանում: Նույն երկրում, սակայն ներքին և արտաքին քաղաքականության մեջ ցուցաբերած նոր մոտեցումներով, տրամագծորեն նոր համակարգի ներդրմամբ: Բանակի մարտունակության և պատրաստվածության մասին այլևս երկրորդ կարծիք չի շրջանառվում, սակայն տարածաշրջանի կայունության ու խաղաղության երաշխավորը դառնալու ճանապարհին անելիքները դեռ շատ են:
Հայոց բանակի շարքերում մեծ թիվ են կազմում նաև լոռեցիները, սպաներն ու շարքային զինծառայողները, ովքեր այսօր էլ իրենց ներդրումն են ունենում բանակի զարգացման գործում:
Այսօրը ևս մեկ առիթ է հիշելու մեր հերոս նահատակներին, որոնց կյանքի ու նվիրումի շնորհիվ է նաև կառուցվել ու կայացել մեր հայոց, մարտունակ բանակը:
Հավերժ փառք և հիշատակ մեր նահատակներին:
Նա նաև նշեց, որ իր ծառայության մի ընթացքն անցկացրել է այս գնդում, և զորամասն իր համար առանձնահատուկ կերպով հարազատ է:
Օրն ամբողջացավ «Հորովել» երգի-պարի համույթի և Երգի թատրոնի համատեղ համերգով՝ նվիրված Հայոց բանակի 27-ամյակին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 18:18:02