Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն
21.01.2019
Հունվարի 21-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը փոխմարզպետ Արշակ Հովսեփյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Մինչ խորհրդակցության օրակարգային հարցերին անցնելը, Ա. Ղուկասյանը շնորհավորեց Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մկրտչյանին պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ բուժհաստատության առջև ծառացած մեծածավալ խնդիրները կարճ ժամկետներում հնարավոր կլինի հաղթահարել:
-Իմ առաջնահերթ պահանջն է բացառել ապօրինի դրամաշրջանառությունը, բարձրացնել բուժսպասարկման որակը և բարեհամբույր վերաբերմունք դրսևորել հիվանդների և այցելուների նկատմամբ,-ասաց մարզի ղեկավարը:
Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Վ. Մկրտչյանն ասաց, որ կանի հնարավորն ու անհնարինը իր վրա դրված հույսերն արդարացնելու, ստանձնած պարտավորությունը բարձր մակարդակով իրականացնելու համար:
Լոռու մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը, ներկայացնելով նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, նշեց, որ «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես-ֆորումի ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում շարունակել է հանդիպում-քննարկումներ ունենալ մի շարք գործարարների հետ: Փոխմարզպետը տեղեկացրեց նաև, որ շարունակվում են տնակային ավանների գույքագրման աշխատանքները, և արդյունքները պատրաստ կլինեն արդեն առաջիկայում: Կրկին անգամ շեշտվեց, որ գործընթացը զուտ գույքագրում է ենթադրում և առայժմ բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված ծրարգեր չկան:
Մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Խաչատրյանը ներկայացրեց ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքները՝ նշելով, որ բոլոր հանձնարարականները կատարվել են ժամկետների մեջ:
Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ևս հանդես եկան շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ համառոտ հաշվետվություններով՝ մասնավորապես անդրադառնալով տարբեր գերատեսչություններից և մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարմանը: Անդրադարձ կատարվեց նաև ընթացիկ խնդիրներին:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Արտավազդ Բեջանյանը, անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին, նաև տեղեկացրեց, որ հունվարի 17-ի դրությամբ հարկերի հավաքագրումները նորմալ ընթացք ունեն, և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճը կազել է 18 տոկոս:
Մարզպետը հանձնարարեց հրավիրել նախորդ տարի թերացած համայնքների ղեկավարներին և պարզաբանել թերացումների պատճառները, ինչպես նաև հենց տարվա սկզբից հետևողականորեն զբաղվել հավաքագրումներով: Նա հանձնարարեց նաև առանձնացնել 500 հազար դրամ և ավելի հարկային պարտավորություններ ունեցող անձանց տվյալները՝ ձեռնարկելով համապատասխան միջոցներ՝ այդ պարտքերը մարելու ուղղությամբ:
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Արթուր Մխիթարյանի տեղեկացմամբ՝ իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նախորդ շաբաթվա ընթացքում սուր վարակիչ ինֆեկցիաների պատճառով դպրոց չի հաճախել 593 երեխա, դասապրոցեսի ընթաքում հայտնաբերվել և տուն է ուղարկվել սուր վարակիչ ինֆեկցիաներով՝ 11 դպրոցական: Նա նշեց, սակայն, որ համաճարակային իրավիճակը վերահսկելի է:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը տեղեկացրեց, որ առաջիկայում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ պայմանավորվածությամբ ևս 14 ինֆորմատիկայի ուսուցիչ հնարավորություն կունենա վերապատրաստում անցնելու: Առաջնահերթությունը, ըստ նրա, կտրվի «Սմարթ» դասարաններ ունեցող, ինչպես նաև գյուղական համայնքների դպրոցների ուսուցիչներին:
Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանն անդրադարձավ քաղաքաշինական և ճանապարհաշինական ծրագրերին, նաև նշեց, որ տեղումնառատ օրերին միջհամայքնային ճանապարհների մաքրման աշխատանքները բավարար է գնահատում(վերջինիս պատասխանատվությունը մարզպետարանն է կրում), իսկ միջպետական և ներհամայնքային ճանապարհների մաքրման հետ կապված խնդիրներ եղել են, որոնք զգուշացվելուց հետո կարգավորվել են: Մարզպետն այս առումով ևս մեկ անգամ շեշտեց, որ ճանապարհաշինական ընկերությունների կողմից պարտավորությունները պատշաճ չկատարելու դեպքում պայմանագրերը կվերանայվեն:
Մյուս ստորաբաժանումների ղեկավարները նույնպես ներկայացրեցին ընթացիկ աշխատանքներ, որոնց հետ կապված ևս մարզի ղեկավարը հանդես եկավ հստակ ցուցումներով: Նա հանձնարարեց հատկապես առաջիկայում հետևողականություն ցուցաբերել «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես-ֆորումի կազմակերպչական աշխատանքների, ինչպես նաև համայնքների կողմից անասնաբույժերի հետ կնքվելիք պայմանագրերի ուղղությամբ: