Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցության օրակարգը հագեցած էր

14.01.2019


Հունվարի 14-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը փոխմարզպետ Արշակ Հովսեփյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:

Մինչ խորհրդակցության օրակարգային հարցերին անցնելը, Ա. Ղուկասյանն իր շնորհավորանքի խոսքը հղեց Լոռու նախկին փոխմարզպետ, այժմ արդեն ԱԺ պատգամավոր Արամ Խաչատրյանին՝ մաղթելով նրան բեղմնավոր աշխատանք՝ ի շահ մարզի բարօրության:

Լոռու մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը, ներկայացնելով նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, նշեց, որ «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես-ֆորումի ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում հանդիպում-քննարկումներ է ունեցել մի շարք գործարարների հետ: Նա տեղեկացրեց նաև, որ մի քանի համայնքներից ներկայացվել են շուրջ 15 գործարարների ճշգրտված տվյալներ, որոնք ցանկություն են հայտնել մասնակցելու ֆորումին՝ կոնկրետ առաջարկներով և նշեց, որ նրանց թիվը կաճի: Փոխմարզպետը տեղեկացրեց նաև, որ շարունակվում են տնակային ավանների գույքագրման աշխատանքները, և արդյունքները պատրաստ կլինեն արդեն առաջիկայում:

Մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Խաչատրյանը ներկայացրեց ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքները՝ նշելով, որ բոլոր հանձնարարականները կատարվել են ժամկետների մեջ: 

 Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ևս հանդես եկան շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ համառոտ հաշվետվություններով՝ մասնավորապես անդրադառնալով տարբեր գերատեսչություններից և մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարմանը: Անդրադարձ կատարվեց նաև ընթացիկ խնդիրներին: 

Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Արտավազդ Բեջանյանը, անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին, նաև տեղեկացրեց, որ մարզի 2018թ. սեփական եկամուտների կատարողականը պլանի դիմաց կազմել է 97,6, հողի հարկինը՝ 84,6 և գույքահարկինը՝ 97,8 տոկոս: Մարզը հանրապետական միջին ցուցանիշերով մարզերի թվում՝ 4-րդն է:  Այսուհանդրձ տարվա ընթացքում եղել են համայնքներ, որոնք լրջորեն թերացել են այս առումով: Մարզպետը հանձնարարեց հրավիրել նշված համայնքների ղեկավարներին և պարզաբանել թերացումների պատճառները, անհրաժեշտության դեպքում ձեռնարկել համապատասխան քայլեր: Նա հանձնարարեց նաև առանձնացնել 500 հազար դրամ և ավելի հարկային պարտավորություններ ունեցող անձանց տվյալները՝ ձեռնարկելով համապատասխան միջոցներ՝ այդ պարտքերը մարելու ուղղությամբ:

Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Արթուր Մխիթարյանը տեղեկացմամբ՝ իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նախորդ շաբաթվա ընթացքում սուր վարակիչ ինֆեկցիաների պատճառով դպրոց չի հաճախել 504 երեխա, դասապրոցեսի ընթաքում հայտնաբերվել և տուն է ուղարկվել սուր վարակիչ ինֆեկցիաներով՝ 24 դպրոցական: Վարչության պետի պաշտոնակատարը ևս մեկ անգամ հորդորեց հիվանդ երեխաներին դպրոց կամ մանկապարտեզ չուղարկել: Նա անդրադարձավ ընթացիկ այլ աշխատանքների ևս՝ մասնավորապես նշելով, որ մարզի բուժհիմնարկների վճարովի ծառայությունները նախորդ տարվա համեմատությամբ աճել են 30 տոկոսով: Ա. Ղուկասյանը այս առումով նշեց, որ արդեն հաջորդ տարվա համեմատությամբ ակնկալիքները անհամեմատ ավելին են լիելու:

Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանն իր հերթին նշեց, որ ամենօրա ռեժիմով վերահսկում են դասասենյակների ջերմային ռեժիմը՝ անդրադառնալով նաև ընթացիկ այլ աշխատանքների: Մարզպետ Ա. Ղուկասյանը նշեց, որ անձամբ է պատրաստվում շրջել դպրոցներով: Նա նաև ասաց, որ  ի թիվս այլ հարցերի, իր ուշադրության կենտրոնում է լինելու երեխաների՝ ներառական կրթության համակարգում ընդգրկվելու գործընթացը:

Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը տեղեկացրեց, որ ավարտական փուլում է Քարինջի դպրոցի տանիքի վերանորոգումը, ավարտվել են արդեն Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցի տանիքի մասնակի նորոգման աշխատանքները: Նա անդրադարձավ քաղաքաշինական և ճանապարհաշինական մյուս ծրագրերին ևս:

Մյուս ստորաբաժանումների ղեկավարները  նույնպես ներկայացրեցին ընթացիկ աշխատանքներ, որոնց հետ կապված ևս մարզի ղեկավարը հանդես եկավ հստակ ցուցումներով: Նա հանձնարարեց հատկապես առաջիկայում հետևողականություն ցուցաբերել «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես-ֆորումի կազմակերպչական աշխատանքների ուղղությամբ: Ա. Ղուկասյանը մի շարք հանձնարարականներ տվեց նաև ներքին աշխատանքային, այդ թվում ՝ կարգապահական  հարցերի վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 12:42:01