Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բենզալցակայանների տարածքում սանհանգույցների առկայությանն ու դրանք ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են
11.01.2019
Ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում տեղակայված հեղուկ վառելիքի, սեղմված կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում առկա հասարակական զուգարանների նկատմամբ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասով, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի 16.04.2009թ. N 06 հրամանով հաստատված սանիտարական կանոններով և նորմերով ներկայացված պահանջների կատարման ընթացքն ուսումնասիրելու նպատակով դեռևս հոկտեմբերին մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կարգադրությամբ մարզպետարանում ձևավորվել էր աշխատանքային խումբ: Վերջինս ուսումնասիրություններ էր իրականացրել մարզի տարածքում գործող 76 բենզագազալցակայաններում(37 բենզալցակայան, 38 գազալցակայան, 1 հեղուկ վառելիքի առևտրի կետ): Արդյունքում պարզվել էր, որ դրանցից միայն 2-ի սանհանգույցներն են համապատասխանում սահմանված պահանջներին, 14-ում ընդհանրապես չկան, իսկ մնացածը գործում են հիմնականում լուրջ խախտումներով: Մարզի ղեկավարը ժամանակ էր տվել նշված խնդիրները կարգավորելու համար, սակայն մինչ օրս տնտեսվարողների կողմից էական քայլեր չեն նախաձեռնվել:
Այսօր մարզպետ Ա. Ղուկասյանը պատկան մարմինների, մարզի մի խումբ համայնքների ղեկավարների, մարզի տարածքում գործող գազալցակայանների ներկայացուցիչների հետ խորհրդակցություն անցկացրեց՝ պարզելու հապաղումների պատճառները:
-Կան օրենքով սահմանված նորմեր և դրանք պետք է ի կատար ածվեն: Գազալցակայանները գործում են հիմնականում մեծ շահույթներով: Կարծում եմ որոշակի կարգավորումներ իրականացնելը մեծ ծախսերի հետ կապված չէ, ուղղակի ցանկություն է պետք: Ինչ վերաբերում է այն գազալցակայաններին, որտեղ սանհանգույցներ չկան, ապա պետք է անպայման կառուցվեն,- ասաց մարզպետը:
Նա նշեց, որ մարզը համարվում է զբոսաշրջային հանգրվան, բացի այդ նպատակներ կան ոլորտն առավել զարգացնելու, հետևաբար սանհանգույցները սանիտարական տարրական նորմերին չհամապատասխանեցնելը պարզապես անթույլատրելի է: Ա. Ղուկասյանը նշեց, որ տասնօրյա ժամկետում քայլեր չձեռնարկելու դեպքում գործի կդրվի տուգանքի մեխանիզմը:
-Մեր նպատակը տուգանելը չէ, այլ խնդրի լուծումը: Տասն օր անց մեր աշխատանքային խումբը նորից շրջայց կկատարի՝ պարզելու նպատակով՝ քայլեր ձեռնարկվել են, թե՝ ոչ,-ասաց նա:
Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնի պետ Մելանյա Սարուխանյանը ևս հայտնեց իր նկատատռումները խնդրի վերաբերյալ՝ առաջարկելով կարճ ժամկետներում շտկել իրավիճակը: