Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի Ամանորի շնորհավորական ուղերձը

27.12.2018

Սիրելի՛ լոռեցիներ, պատմություն է դառնում 2018 թվականը: Յուրաքանչյուր տարվա ավարտ ևս մեկ անգամ առիթ է հետ նայելու, անցած ճանապարհը նորովի արժևորելու, այդ ճանապարհին ունեցած հաղթանակների բերկրանքը մեկ անգամ ևս վայելելու և նկատված բացթողումները շտկելու համար:

Այսօր, կարծում եմ, կարող ենք բոլորս հպարտորեն արձանագրել, որ 2018-ը մեր երկրի համար բացառիկ տարի էր: Գարնանամուտով սկսված թավշյա, խաղաղ, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը շրջադարձորեն փոխեց յուրաքանչյուրիս կյանքի ուղեգիծը: Հեղափոխությամբ մենք սկիզբ դրեցինք նոր, իրապես ազատ ու անկախ Հայաստանի կառուցմանը, որտեղ բոլոր քաղաքացիներն օրենքի առջև իրենց պետք է զգան անկաշկանդ և հավասար:

Հեղափոխությամբ սկսված նոր Հայաստանի կառուցումը հայ ժողովուրդը միասնականորեն ամրագրեց դեկտեմբերի 9-ին՝ երկրում անցկացված Ազգային ժողովի արտահերթ ընտրություններով:

Եվ այսօր՝ Ամանորին ընդառաջ, ես՝ որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ, որպես Լոռու մարզպետ, ուրախ եմ օգտագործելու տարեմուտի շնորհավորանքի այս առիթն ու ասելու՝ ես հպարտ եմ Ձեզնից մեկը լինելու համար: 

Հպարտ եմ և միևնույն ժամանակ  որպես Լոռու մարզպետ պարտավորված՝ առանց ջանք ու եռանդ խնայելու գործնական բոլոր քայլերը ձեռնարկելու համար, որ լոռեցին օր առաջ զգա դրական փոփոխությունները մեր մարզում, որ ներդրվող  ծրագրերը, նորանոր աշխատատեղեր ապահովելով, նպաստեն լոռեցու կյանքի որակի բարելավմանը, որ Լոռին, սիրելի ծննդավայր լինելուց զատ, լինի նաև հարմարավետ ապրելու ու վայելելու համար, որ արտերկրում բնակվող մեր հայրենակիցները օր առաջ տուն վերադառնան՝ վստահ լինելով, որ Լոռիում աշխատելով կարող են իրենց ընտանիքներում ապահովել կեցության համար անհրաժեշտ պայմանները:

2019թ.-ի ծրագրերը շատ են: Ինչպես մինչ այժմ, հաջորդ տարի ևս մեր գերխնդիրը լինելու է Լոռիում տնտեսության ակտիվացումը և ներդրումային ծրագրերի խթանումը: Մենք կանգնելու ենք յուրաքանչյուր ներդրողի կողքին ու հասնելու ենք նրան, որ ներդրողների, գործարարների կողմից Լոռին մշտապես դիտարկվի որպես ներդրումային լավագույն միջավայր:

Սա է միակ ճանապարհը, որով մենք ամրագրելու ենք տնտեսական հեղափոխությունը:

Մաղթում եմ, որ 2019թ.-ը բոլորիդ ընտանիքներում լինի վաղվա օրվա նկատմամբ հույսի ու հավատի տարի, որովհետև հավատը ուժ է ծնում ու բոլոր երազանքները դարձնում իրականանալի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:44:14