Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորում բացվել է կոմպոզիտային բալոնների (գազաբալոնների) արտադրության առաջին հոսքագիծը

24.12.2018

Դեկտեմբերի 22-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ներկա գտնվեց ռուս-իրանական «ՌԱԴ ՍԱՆ ՎԱՇԱՄԻՐ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից հիմնադրված կոմպոզիտային բալոնների (գազաբալոնների) արտադրության առաջին հոսքագծի բացման արարողությանը: Ներկա էին նաև փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, այլ պաշտոնյաներ, հյուրեր:
Ընկերության հիմնադիրների ուղեկցությամբ հյուրերը շրջեցին արտադրամասի տարածքում, ծանոթացան այն բոլոր հոսքագծերին և սարքավորումների տեխնիկական հնարավորություններին, որ այս պահին արդեն զբաղված են բալոնների արտադրությամբ:
Ընկերությունը նաև անակնկալ մատուցեց ներկաներին: Ցուցադրության էր ներկայացված հայ-իրանական արտադրության մարդատար ավտոմեքենան՝ Sayna Armenina անվանումով, որը շուրջ երեք ամիս անց կարող է դառնալ հայկական արտադրության փոխադրամիջոց:
Շրջայցից հետո տեղի ունեցավ փակ քննարկում, որի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն՝ Հայաստանում կարբոնի արտադրություն հիմնելու վերաբերյալ: Ցանկություն կա նաև Հայաստանում հիմնելու ագրոտնտեսության ոլորտի գլխամասային կազմակերպություն (հոլդինգ):
Ընկերությունը հիմնադրել են ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի Արայիկ Ասրյանը և իրանցի Հոսսեյն Յաղուբպուր Բարատալին։ Ընկերությունը գործունեություն է ծավալում Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում։ Արդեն իսկ իրականացվել է 2 մլրդ դրամի ներդրում, իսկ ամբողջ ծրագրի ընթացքում նախատեսվում է իրականացնել 8 մլրդ դրամի ներդրում, որից 1 միլիարդը՝ վարկային միջոցներից: Նախատեսվում է 120 նոր աշխատատեղ ստեղծել՝ 150 000 դրամ միջին աշխատավարձով։ Ընկերությունն այս տարի ստացել էր հարկային արտոնություններ, որի շրջանակներում ներմուծվել է շուրջ 6 մլրդ դրամ արժողությամբ պոլիէթիլեն, Էպոկսիդային խեժ, ալյումին, ապակե մանրաթել։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 50 մլրդ դրամ, որից 2,5 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 33,5 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 14 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։
Ընկերությունը Հայաստանում նախատեսում է իրականացնել երեք բիզնես-ծրագիր՝ կոմպոզիտային գազաբալոնների ու կարբոնի մանրաթելի գործարանի կառուցում ու արտադրություն, նաև ագրոկոմպլեքսի գործարկում: Ընկերությունն զբաղվում է կոմպոզիտային բալոնների արտադրությամբ, որն օգտագործվում է մեքենաներում, սուզանավերում, թռչող սարքերում, այդ թվում և ինքնաթիռներում:
Մեկ հոսքագծով աշխատելու պայմաններում ընկերությունը կթողարկի օրական 100 բալոն, ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում՝ այդ թիվը կհասնի 800-ի: Աշխարհում նման արտադրական գործարաններ կան ևս երեք երկրներում:
Այսպես կոչված չորրորդ տեսակի գազաբալոնները ամենաանվտանգն են, էկոլոգիապես մաքուրն ու մատչելին՝ վստահեցնում է ընկերության հիմնադիր Արայիկ Ասրյանը: Յուրաքանչյուր նոր սարքավորման ներկրման հետ աշխատակիցների քանակը կավելանա շուրջ 20-ով:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 12:42:01