Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական «փոքրիկ տունը»՝ Վանաձորում

19.12.2018

ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության շրջանակներում, այն է՝ յուրաքանչյուր երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը, հերթական ծրագիրն իրականացվեց Վանաձորում: Հայաստանում Բուլղարիայի դեսպանատան և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ հերթական «փոքրիկ տունն» է բացվել մարզկենտրոնում, որտեղ բնակվում է 5 երեխա: Նրանք այստեղ են տեղափոխվել մանկատնից, թեև ունեն կենսաբանական ծնողներ:
Երեխաներին այսօր հյուր էին գնացել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը, մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը, Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա Կամակտիչիևան, ներկայացուցիչներ Հայ օգնության ֆոնդից:
Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոնի» ծրագրերի ղեկավար Մանանե Պետրոսյանի ներկայացմամբ՝ «փոքրիկ տունն» արդեն շուրջ 5 օր է, ինչ բնակեցված է: Այստեղ երեխաների նկատմամբ շուրջօրյա խնամք է տարվում 5 հերթափոխով: Տան համակարգողն է Արտյուշ Հարությունյանը, ով երեխաներին նաև կենցաղավարման հմտություններ է ուսուցանում:
Հյուրերը շրջեցին տանը, զրուցեցին երեխաների հետ:
-Յուրաքանչյուր երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը հասնելու համար ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում՝ կանխարգելելու երեխաների մուտքը խոշոր հաստատություններ, արդեն հաստատություններում ապրող երեխաների վերամիավորումը ընտանիքների հետ, վերակազմավորելով հաստատությունները նոր ծառայությունների և այլն: Այստեղ, ընտանեկան միջավայրում, երեխաները ընտանեկան հոգատարություն և ջերմություն կստանան, կպատրաստվեն ինքնուրույն կյանքի,-ասաց Մ. Պետրոսյանը՝ նաև նշելով, որ երեխաներից 4-ը մեկ ընտանիքից են: Երեխաների թիվը նախատեսում են հասցնել 8-ի:
Սերգեյ Սարուխանյանը, ողջունելով Վանաձորում նման հաստատություն հիմնելու նախաձեռնությունը, նշեց, որ մարզպետարանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցելու «փոքրիկ տան» բնակիչներին և հույս հայտնեց, որ ծրագիրը շարունակական կլինի:
-Նմանատիպ հաստատությունները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են լինելու: Կարևոր է, որ երեխան ընտանեկան ջերմություն և հոգատարություն զգա՝ անկախ նրանից, թե ինչ ճակատագիր է բաժին հասել իրեն,-իր խոսքում նշեց փոխմարզպետը: Նա նաև խոստացավ, որ իր այցերը պարբերական բնույթ են կրելու, իսկ հաջորդ այցը կլինի արդեն հունվարի առաջին օրերին: Սերգեյ Սարուխանյանը երեխաներին այցի կգա կնոջ և զավակների հետ, որպեսզի երեխաները շփվեն ու ընկերանան:
Փոքրիկ տան հանդիսավոր բացումը տեղի կունենա հաջորդ տարի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 10:03:05