Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետի և «Հայաստանի Ֆուլլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահի միջև կնքված պայմանագրով մարզում ավարտին կհասցվի 44 կիսակառույցի շինարարություն
19.12.2018
ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 22-ի, թիվ 1339-Ն որոշման համաձայն 2018թ. պետական բյուջեով նախատեսված է 458 մլն դրամ հատկացնել մարզի գյուղական համայնքներում բարձր պատրասատականություն ունեցող թվով 44 բնակելի տների կիսակառույցները ավարտին հասցնելու համար: Ծրագիրն իրականացնելու համար ՀՀ կառավարությունը կհամագործակցի «Հայաստանի Ֆուլլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության հետ:
Երկուստեք պարտավորություններն այսօր ամրագրվեցին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և «Հայաստանի Ֆուլլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Եղիազարյանի միջև կնքված պայմանագրով: Պայմանագրի համաձայն, տների շինարարությունը կիրականացնի «Ֆուլլեր տնաշինական կենտրոնը»: «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» շահառու հանդիսացող մարզի 13 գյուղական համայնքների թվով 44 ընտանիքի բարձր պատրասատականության կիսակառույց տների շինարարությունը կմեկնարկի 2019թ. մարտի 10-ին և կավարտվի նույն տարվա նոյեմբերի 25-ին:
Պայմանագրի ստորագրմանը ներկա էին նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը, Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը: Պայմանագրի ստորագրումից հետո ներկա լրագրողները նաև հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան:
Հանդիպման շրջանակներում մարզպետը քաղաքաշինության կոմիտեի նախագահի հետ քննարկեց նաև «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» հետագա իրականացման հետ կապված մի շարք հարցեր: Նշվեց, որ պետական բյուջեով ծրագրի իրականացման համար միջոցներ կհատկացվեն նաև 2019թ.: