Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն
17.12.2018
![](http://lori.mtad.am/files/n_pics/18456_s.jpg)
Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին ներկա էին մարզպետի տեղակալներ Արամ Խաչատրյանը, Սերգեյ Սարուխանյանը, Արշակ Հովսեփյանը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, այլ պատասխանատու պաշտոնյաներ:
Փոխմարզպետները և ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ համառոտ հաշվետվություններով՝ մասնավորապես անդրադառնալով տարբեր գերատեսչություններից և մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարմանը: Անդրադարձ կատարվեց նաև ընթացիկ աշխատանքներին և խնդիրներին:
Մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Խաչատրյանը նշեց, որ շաբաթը բավականին հագեցած է եղել: Նա նշեց, որ տարեվերջով պայմանավորված՝ բավականին շատ գրություններ են ստացվում տարբեր գերատեսչություններից և դիմում-նամակներ՝ բնակիչներից: Ներկայացնելով ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքները՝ Վ. Խաչատրյանը վստահեցրեց, որ բոլոր հանձնարարականները կատարվել են ժամկետների մեջ:
Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Նունիկ Ասրյանը մասնավորապես տեղեկացրեց, որ տարվա պլանի նկատմամբ մարզը սեփական եկամուտները կատարել է 84,3 տոկոսով, հողի հարկը՝ 76,1 և գույքահարկը՝ 85,6 տոկոսով: Այս ցուցանիշերով ներկայում մարզը հանրապետության մակարդակով մարզերի թվում 6-րդն է: Նա վստահեցրեց, որ ցուցանիշերն աճելու միտում ունեն:
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Արթուր Մխիթարյանն, ի թիվս այլ հարցերի, մասնավորապես զեկուցեց Կուրթանում բնակվող տարեցի տուն այցելության մանրամասները՝ նշելով, որ դիմել են Լոռու մարզային ոստիկանություն, որպեսզի վերջինս օրենքի շրջանակներում համապատասխան գործողություններ իրականացնի: Վարչության պետի պաշտոնակատարը հայտնեց, որ տարեցի երեխաների՝ ծնողից հրաժարվելու դեպքում միայն հնարավոր կլինի նրան տեղափոխել ծերերի տուն: Մարզպետը հանձնարարեց արագացնել գործընթացը:
Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը հայտնեց, որ հետևողական վերահսկողություն է իրականացվում մարզում թե՛ առաջնահերթ լուծում պահանջող, թե՛ սուբվենցիոն ծրագրերով ընթացող շինաշխատանքների ուղղությամբ: Զեկուցվեց, որ ինտենսիվ կերպով ընթանում են Քարինջի և Վանաձորի թիվ 27 դպրոցների տանիքների նորոգման աշխատանքները:
Ի թիվս մի շարք այլ հարցերի և հանձնարարականների՝ մարզպետը հանձնարարեց հատկապես հետևողական աշխատանքներ իրականացնել առաջիկայում անցկացվելիք բիզնես- ֆորումի ուղղությամբ: