Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը խորհրդակցություն անցկացրեց հարկերի հավաքագրման առումով թերացող համայնքների ղեկավարների մասնակցությամբ

14.12.2018

Ընդամենը հաշված օրեր են մնացել հաշվետու տարվա ավարտին, իսկ մարզի սեփական եկամուտների հավաքագրման պլանը 100 տոկոսով կատարելու  համար պակասում է 407 մլն դրամ: Մարզում 14 համայնք կա, որոնց հավաքագրումը պակաս է 80 տոկոսից: Նրանց հետ զրուցելու և վատ հավաքագրումների պատճառները պարզելու նպատակով այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը խորհրդակցություն անցկացրեց այդ համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էին նաև մարզպետի տեղակալներ Սերգեյ Սարուխանյանը, Արշակ Հովսեփյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ:

Ձորագյուղ և Վահագնի համայնքների նորընտիր ղեկավարները, որոնք, մեղմ ասած, վատ ժառանգություն են ստացել, խոստացան առավելագույն ջանքեր ներդնել և հավաքագրումների մակարդակը հասցնել 70-80 տոկոսի: Իսկ Ազնվաձոր, Անտառաշեն, Հալավար, Շնող, Քարաբերդ, Հարթագյուղ, Նոր Խաչակապ. Քարաձոր, Սարալանջ, Դսեղ համայնքները՝ 80-90 և ավելի տոկոսի: Նրանք՝ որպես պատճառաբանություն, ներկայացրեցին բազաների անճշտությունները վերացնելու, սեփականատերերի բացակայության, հողերի ոչ ճիշտ չափագրման և մի շարք այլ օբյեկտիվ և սուբյեկտիվ հարցեր: Կան նաև խոշոր հարկատուներ, որոնք չեն վճարում ու փոքր բյուջեներ ունեցող համայնքների համար լուրջ գլխացավանք առաջացնում, ինչպես օրինակ Նոր Խաչակապ և Թումանյան խոշորացված համայնքների համար՝ «Լոռու ՃՇՇ-ի»՝ տարիներով կուտակած ու միլիոնավոր դրամների հասնող պարտքը: Մարզպետն առաջարկեց անպարտաճանաչ հարկատուների դեպքում անհապաղ դիմել դատարան:

Որպես խնդիր՝ ներկայացվեց նաև այն, որ եթե մինչև համայնքների խոշորացումը, խոշորացված համայնքների ներկայիս կենտրոնները՝ Թումանյանը, Սարչապետը, Մեծավանը, Գյուլագարակը հավաքագրումներն իրականացնում էին 100 և ավելի տոկոսով, ապա միավորումից հետո, մի քանի անբարեխիղճ բնակավայրերի պատճառով, թերանում են: Այս առումով ևս մարզպետն առաջարկեց վարչական ղեկավարների նկատմամբ ավելի խստապահանջ լինել, հարկ եղած դեպքում ազատել աշխատանքից՝ նրանց փոխարինելով առավել բարեխիղճ աշխատակիցներով:  

-Տարին հարկերի հավաքագրումների առումով վատ փակելու դեպքում, համայնքների նկատմամբ համարժեք վերաբերմունք կլինի հաջորդ տարի: Առկա ծրագրերը կուղղորդվեն այն համայնքներ, որոնք բարեխիղճ են ու պարտաճանաչ,-ասաց մարզպետը: Կրկին արծարծված՝ համայնքներում անասնաբույժների հաստիքների նախատեսման  խնդրին ի պատասխան Ա. Ղուկասյանը հստակ պահանջ դրեց՝ առանց որևէ պատճառաբանության խնդրին լուծում տալ արդեն հաջորդ տարեսկզբին:  

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:42:22