Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը
05.12.2018
Դեկտեմբերի 4-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ Նունե Սարգսյանի հետ: Նրանց մարզում ուղեկցում էր մարզպետի տեղակալ, մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սարուխանյանը:
Նախագահի առաջին կանգառը եղել է բազմաճյուղ տնտեսություն վարող Սպիտակի «Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերությունում։
Դեռևս սեպտեմբերին Երևանում անցկացված «Արմենիա էքսպո- 2018» ամենամյա ցուցահանդեսին նախագահ Սարգսյանի ուշադրությունը գրավել էր «Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերության ինքնատիպ տաղավարն ու արտադրանքը։
«Ագրոհոլդինգ Արմենիա»-ն զբաղվում է տոհմային անասնաբուծությամբ և կաթնամթերքի արտադրությամբ։ «Ագրոհոլդինգ Արմենիա» -ի ղեկավարները նշել են, որ տնտեսությունում բուծում են միայն կենդանիների մաքրացեղ տեսակներ։
Հանրապետության նախագահը ծանոթացել է ընկերության գործունեությանն ու առաջիկա ծրագրերին, համտեսել արտադրանքը, զրուցել աշխատակիցների հետ։
Ներկայում «Ագրոհոլդինգ Արմենիա»-ի արտադրանքը սպառվում է հիմնականում Հայաստանում. աշխատանքներ են տարվում նոր շուկաներ մուտք գործելու ուղղությամբ:
Նախագահ Սարգսյանը կարևորել է այս ոլորտում փորձ ունեցող միջազգային ընկերությունների հետ համագործակցությունը, որը, նրա խոսքով, կօգնի անասնաբուծության և գյուղմթերքների արտադրության ոլորտում ներդնել նոր մշակույթ՝ ապահովելով արտադրանքի նոր որակ ու նոր ստանդարտներ, ինչը խթան կլինի նաև արտադրության ընդլայնման համար։
Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Ս. Սարուխանյանի ուղեկցությամբ այնուհետ եղել են Սպիտակ քաղաքում, ծաղիկներ են խոնարհել 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին:
Աշխատանքային այցի ավարտին այցելություն է կատարվել նաև Լոռու մարզի Դեբեդ համայնքում 2018 թվականի մայիսի 27-ից գործող «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) ՍՄԱՐԹ-կենտրոն:
ՍՄԱՐԹ կենտրոնի սաները տարբեր գյուղերից ժամանած երեխաներ են, ընդ որում, ոչ միայն Լոռու մարզից:
Նախագահ Սարգսյանը շրջել է կենտրոնում, որտեղ երեխաները սովորում են ծրագրավորում, պար, անգլերեն, նկարչություն, երգեցողություն և այլ առարկաներ: Նախագահը զրուցել է երեխաների հետ, դիտել նրանց աշխատանքները։
Հիացմունք հայտնելով կենտրոնի պայմանների և ընձեռած հնարավորությունների վերաբերյալ՝ նախագահը նշել է, որ շատ կարևոր է, որ այս կենտրոնը չդառնա երեխաներին հողից, գյուղից կտրելու ճանապարհ: «Այստեղ հաճախող երեխաները պետք է զգան, որ իրենք ևս 21-րդ դարի քաղաքացի են, և այստեղ՝ քաղաքից հեռու, գյուղում էլ կարող են կայանալ ու արդյունք ստեղծել»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:
Հանրապետության նախագահն անհրաժեշտ է համարել նաև մայրաքաղաքից և այլ քաղաքներից երեխաների փոխայցելությունն այս կենտրոն, որտեղ նրանք նույնպես կծանոթանան ոչ միայն կենտրոնին ու նրա հնարավորություններին, այլև գյուղական կյանքին:
«Սա ավելի մարդկային վայր է, և այստեղ երեխաները կարող են կայանալ որպես մարդ, որպես քաղաքացի»,-նշել է նախագահ Սարգսյանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շրջել է նաև սմարթ սենյակում, որտեղ երեխաները ցուցադրել են իրենց պատրաստած ռոբոտի հնարավորությունները: Նախագահը նշել է, որ այն, ինչով նրանք զբաղվում են, նրանց ապագայի գործիքն է: Նա հաջողություն է մաղթել երեխաներին՝ համոզմունք հայտնելով, որ նրանց ստեղծած ռոբոտները հետագայում ավելի կատարյալ կլինեն ու լայն կիրառություն կունենան:
Մանուկների զարգացման կենտրոնում, որտեղ այդ օրը ներկա էին նաև Գյուլագարակի մակնապարտեզից ժամանած երեխաներ, նախագահի կողմից 1 մլն դրամ նվիրաբերվեց Գյուլագարակի մանկապարտեզին, ինչպես նաև 400-ից ավելի գրքեր ՍՄԱՐԹ կենտրոնին:
ՍՄԱՐԹ -ի երեխաների հետ հանդիպմանը նախագահ Սարգսյանը գովեստի խոսքերով է անդրադարձել բնության գրկում գտնվող հրաշալի կենտրոնին՝ նշելով, որ աշխարհի քիչ տեղերում կարելի է նման բան հանդիպել: Նախագահը կարևորել է գիտելիքի ձեռքբերումը: «Ձեր գիտելիքը միշտ ձեզ հետ է, և այն երբեք չի արժեզրկվում»,- նշել է նախագահը:
Արմեն Սարգսյանը, պատասխանելով կենտրոնի երեխաների հարցերին, նշել է. «Ձեր ապագան ձեր ձեռքերում է: Ձեր ձեռքերում է նաև երկրի ապագան»:
Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահին և տիկին Նունե Սարգսյանին կենտրոնի նկարչական խմբակի երեխաներն իրենց նկարած աշխատանքներն են նվիրել։ Արմեն Սարգսյանը գրառում է կատարել կենտրոնի այցելությունների նորաբաց գրքում. նրա գրառումն առաջինն էր: «Հուզիչ ու հոյակապ է»,- գրել է նախագահը: