Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց «Սպիտակի 1988թ. երկրաշարժը լուսանկարներով, փաստերով և մեկնաբանություններով» գրքի շնորհադեսը
03.12.2018
Նոյեմբերի 30-ին, Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-ամյա տարելիցին ընդառաջ, Լոռու մարզպետարանի դահլիճում տեղի ունեցավ երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանի հեղինակած «Սպիտակի 1988թ. երկրաշարժը լուսանկարներով, փաստերով և մեկնաբանություններով» գրքի շնորհանդեսը։ Այս արժեքավոր աշխատության խմբագիրն է վանաձորցի, տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ռազմիկ Աթաբեկյանը: Միջոցառումը վարում էր Լոռու մարզպետի խորհրդական, տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Լևոն Ասլանյանը, ով տեղեկացրեց, որ գրքում զետեղված են մարզի և մասնավորապես՝ Վանաձորի շինարարների, հետազոտողների, ոլորտային մասնագետների կատարված աշխատանքները:
Ուսուցողական շնորհանդեսին, որն անցկացրեցին դոկտոր-պրոֆեսորներ Սերգեյ Նազարեթյանը և Ռազմիկ Աթաբեկյանը, ներկա էին Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի ոլորտային պատասխանատուներ, աշխատակիցներ, մարզի նախագծող կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ինչպես ներկայացվեց, գիտահանրամատչելի գիրք-ալբոմում ընդգրկված են Սպիտակի 1988թ. երկրաշարժի վերաբերյալ թվով 110-ից ավելի լուսանկարներ, մեծ թվով փաստացի տվյալներ, 50-ից ավելի քարտեզներ՝ մասնագիտական հանրամատչելի մեկնաբանություններով: Հատկապես մեծ ուշադրություն է դարձված Սպիտակի ողբերգության ծանր հետևանքներին և դրանց պատճառներին: Նյութերը համակարգված են ըստ ոլորտների և աղետի զարգացման փուլերի: Գիրք-ալբոմում համառոտ ներկայացված են երկրաշարժի հիմնական բնութագրերը, կորուստները, սեյսմաբանական ու երկրաբանական հետևանքները, տարբեր տիպի շենքերի վնասվելու վիճակագրությունը, իրավիճակը երկրաշարժից հետո, տուժածներին ցուցաբերած փրկարարական ու բժշկական օգնությունը, աղետյալների կենսապահովումը, երկրաշարժի գոտու վերականգնման և վերակառուցման գործընթացները, աղետի հետևանքների վերացման բացթողումներն ու կարևոր արդյունքները: Այս բոլորը ներկայացված է նաև լուսանակարներով, քարտեզներով ու փաստերով: Մեծ տեղ է հատկացված Սպիտակի երկրաշարժի դասերին և նպատակ ունի նպաստելու սեյսմիկ պաշտպանության կազմակերպմանը, որպեսզի չկրկնվի Սպիտակի ողբերգությունը: Գիրքն իր բովանդակությամբ յուրահատուկ է, քանի որ ներառում է երկրաշարժին վերաբերող առավել կարևոր ոլորտները՝ բավականին մեծ՝ 30 տարվա ժամանկահատվածի համար: Աշխատությունը հասցեագրված է ընթերողի լայն շրջանականերին, այդ թվում՝ սեյսմիկ պաշտպանության խնդիրներով զբաղվող մասնագետներին, շենքների նախագծողներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին, ուսանողներին:
Լ. Ասլանյանը և ներկաներն իրենց երախտագիտությունը հայտնեցին պրոֆեսորին՝ նման արժեքավոր աշխատություն մասնագետներին պարգևելու և սերունդների դատին հանձնելու համար: