Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տնակային ավանների խնդիրներն ուսումնասիրելու նպատակով մարզպետի կարգադրությամբ հանձնաժողով կձևավորվի
22.11.2018
Մարզպետի կարգադրությամբ մարզպետին կից կստեղծվի հանձնաժողով՝ Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում երկրաշարժից հետո ձևավորված տնակային ավանների խնդիրներն ուսումնասիրելու և հնարավորությունների սահմաններում նրանց աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Այսօր այս մասին տնակային ավանների բնակիչների հետ հանդիպմանն ասաց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
«Ով, եթե ոչ մենք, ոչ դուք» նախաձեռնող խմբի առաջարկությամբ նմանատիպ կառույց ձևավորվել է նաև Վանաձորի քաղաքապետարանում, սակայն մարզի ղեկավարի հետ հանդիպումների արդյունքում առաջարկվել է, որ հանձնաժողով ձևավորվի հենց այստեղ, որը կգործի մարզպետի անմիջական վերահսկողությամբ:
Մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, ով նաև ընդգրկված կլինի հանձնաժողովի կազում, տեղեկացրեց, որ այն կղեկավարի մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը, որպես անդամներ՝ ներգրավված կլինեն մարզպետարանի պաշտոնյաներ, «Ով, եթե ոչ մենք, ոչ դուք» նախաձեռնող խմբի անդամներ, բնակիչներ տնակային ավաններից և ներկայացուցիչ Վանաձորի քաղաքապետարանից:
Նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Գևորգ Քոթանջյանը շնորհակալություն հայտնեց մարզպետին արագ արձագանքման համար.
-Սա կարող է դիտվել՝ որպես պետական կառույցի և քաղհասարակության համագործակցության լավագույն օրինակ,-ասաց Գ. Քոթանջյանը: Մարզպետը և Գ. Քոթանջյանը նշեցին, որ քարոզարշավի ընթացքում մինչև ընտրությունների ավարտը որևէ աշխատանք չի իրականացվելու այս ուղղությամբ և շարունակվելու է միայն ընտրություններից հետո:
-Մեր կառույցը ներգրավված չէ որևէ քաղաքական գործընթացում, հետևաբար նախընտրում ենք այս ուղղությամբ գործունեություն ծավալել ընտրութունների ավարտից հետո,-ասաց նախաձեռնող խմբի ներկայացուցիչը: