Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետարանը պատրաստ է համագործակցության. մարզպետը հանդիպեց հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
21.11.2018
Մարզի հասարակական կազմակերպությունների հետ մարզի ղեկավարի հանդիպումը տեղի ունեցավ Վանաձորի «Օրրան» Գրիգորյան կենտրոնում: Այն վերջիններիս գործունեությանը առավել հանգամանորեն ծանոթանալու և հետագա համագործակցությունը նախանշելու նպատակ ուներ:
Մարզպետն իր խոսքում կարևորեց հասարակական կազմակերպությունների մեծ դերակատարությունը մարզում առկա տարաբնույթ խնդիրների լուծման հարցում՝ հատկապես սոցիալական աջակցության, կրթական, առողջապահական ոլորտներում իրականացվող ծրագրերը:
-Դուք բավականին թեթևացնում եք պետության հոգսը, ինչի համար իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեզ և ուզում վստահեցնել, որ մարզպետարանը պատրաստ է համագործակցության,-ասաց Ա. Ղուկասյանը:
Նա իր խոսքում կարևորեց համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը՝ իր կողմից պատրաստակամություն հայտնելով անել հնարավորինը, որպեսզի դրանք իրագործվեն բարձր մակարդակով:
ՀԿ-ների ներկայացուցիչները հանդես եկան մի շարք առաջարկություններով՝ մասնավորապես պետական կառույցների հետ համագործակցությունն առավել ընդլայնելու և է՛լ ավելի համակարգված դարձնելու առումով:
Օգտվելով առիթից՝ մարզպետը ներկաներին առաջարկեց մասնակից դառնալ հաջորդ տարի փետրվարին անցկացվելիք բիզնես-ֆորումին: