Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բացառե՛լ օրինախախտման ցանկացած դրսևորում
21.11.2018
Նոյեմբերի 20-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը խորհրդակցություն անցկացրեց Սպիտակի տարածաշրջանի դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Արշակ Հովսեփյանը և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր խոսքում նախևառաջ կարևորեց դպրոցների խորհուրդների կազմերի փոփոխության անհրաժեշտությունը՝ նշելով, որ նրանք չեն կարող համալրված լինել ծանոթ-բարեկամներով: Մարզպետը կոչ արեց ուսուցիչների թափուր աշխատատեղերի մրցույթներն անցկացնել բաց, թափանցիկ և հրապարակային: Արդյունքները տեղադրվելու են նաև մարզպետարանի պաշտոնական կայքէջում: Ա. Ղուկասյանը նշեց, որ ինքը և մարզպետարանի որևէ աշխատակից չեն պատրաստվում միջամտել անցկացվող մրցույթներին: Բայց դա չի նշանակում, որ տնօրենները կարող են ոչ օրինական գործունեություն իրականացնել: Նա հորդորեց նաև ուսուցիչների պաշտոնավարման ժամկետների ավարտի դեպքում ծանուցել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:Նույն կարգը կկիրառվի նաև տնօրենների դեպքում:
Ռ. Հարությունյանն առաջարկեց տարիֆիկացիաների կազմման ժամանակ դպրոցին ոչ անհրաժեշտ հաստիքները չհամալրել՝ այդպիսով տնտեսումներ ունենալ և դրանք էլ օգտագործել կրթօջախների կարիքների համար:
Տնօրենները ներկայացրեցին դպրոցներում առկա խնդիրները՝ տանիքների վերանորգման, ջեռուցման համակարգերի տեղադրման, սպորտդահլիճների բացակայության հետ կապված և այլն: Մարզպետը խոստացավ ծրագրերի առկայության դեպքում, ըստ առաջնահերթության, լուծում տալ դրանց:
Նա տնօրեններին խորհուրդ տվեց նաև բացառել օրինախախտման ցանկացած դրսևորում, այլապես գործին կմիջամտեն իրավապահ մարմինները:
Մարզպետը խոսեց նաև առաջիկա ընտրությունների մասին և խստորեն զգուշացրեց մասնակից չդառնալ քարոզչական գործընթացների, չներգրավվել որևէ պրոցեսի մեջ: