Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տնօրեններին ներկայացրեց աշխատաոճի հստակ պահանջներ
19.11.2018
Նոյեմբերի 19-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը խորհրդակցություն անցկացրեց Գուգարքի տարածաշրջանի դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը և կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տնօրեններին ներկայացրեց աշխատաոճի հստակ պահանջներ՝ կարևորելով նախևառաջ դպրոցների խորհուրդների կազմերի փոփոխությունը՝ նշելով, որ նրանք չեն կարող համալրված լինել ծանոթ-բարեկամներով: Երկրորդ՝ կոչ արեց ուսուցիչների թափուր աշխատատեղերի մրցույթներն անցկացնել բաց, թափանցիկ և հրապարակային: Արդյունքները տեղադրվելու են նաև մարզպետարանի պաշտոնական կայքէջում:
Ա. Ղուկասյանը նշեց, որ ինքը և մարզպետարանի որևէ աշխատակից իրավասու չեն և չեն պատրաստվում միջամտել անցկացվող մրցույթներին: Բայց դա չի նշանակում, որ տնօրենները կարող են ոչ օրինական գործունեություն իրականացնել:
-Մրցույթները պետք է անցկացվեն օբյեկտիվության սկզբունքով, և պետք է ընտրվեն լավագույնները,- ասաց մարզպետը:
Նա տնօրեններին խորհուրդ տվեց նաև բացառել օրինախախտման ցանկացած դրսևորում, այլապես գործին կմիջամտեն իրավապահ մարմինները:
Մարզպետը խոսեց նաև առաջիկա ընտրությունների մասին և խստորեն զգուշացրեց մասնակից չդառնալ քարոզչական գործընթացների, չներգրավվել որևէ պրոցեսի մեջ:
-Այսօր հնարավորություն ունեք մաքրվելու, թոթափելու ձեր վրա դրված ծանր բեռը: Ազատ ընտրության իրավունք ունեք բոլորդ, ձեր կամքով ու ձեր ցանկությամբ: Իսկ որևէ լծակ կիրառելու դեպքում համարժեք պատասխան կլինի,-նշեց մարզպետը:
Տնօրենները ներկայացրեցին դպրոցներում առկա խնդիրները՝ տանիքների վերանորգման, ջրագծերի նորոգման, սպորտդահլիճների բացակայության հետ կապված և այլն: Մարզպետն առաջարկեց տնտեսված միջոցների հաշվին որոշակի աշխատանքներ իրականացնել՝ նշելով, որ առավել մեծածավալները հնարավորության դեպքում կընդգրկվեն որևէ ներդրումային ծրագրում: