Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետին կից երիտասարդական խորհրդի ձևավորման աշխատանքներն ընթացքի մեջ են. Ա. Ղուկասյանը հանդիպեց մարզի ակտիվ երիտասարդների հետ
16.11.2018
Մարզպետարանում արդեն շուրջ մեկ ամիս է՝ աշխատանքներ են տարվում մարզպետին կից երիտասարդական խորհուրդ ձևավորելու ուղղությամբ: Աշխատանքները համակարգում է մարզպետի խորհրդական Լևոն Տեր-Սիմոնյանը: Արդեն իսկ բավականին թվով երիտասարդներ են դիմել՝ ցանկություն հայտնելով ներգրավվելու խորհրդի կազմում:
Նրանց և մարզի այլ երիտասարդների ու ոլորտում ծրագրեր իրականացնող կազմակերպությունների մասնակցությամբ այսօր խորհրդակցություն էր հրավիրվել Լոռու մարզպետարանում, որը վարում էր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Նրանց ուղղված խոսքում մարզպետը նշեց, որ ստեղծվելիք երիտասարդական խորհուրդը ապաքաղաքական կառույց է լինելու, որտեղ ներգրավված են լինելու երիտասարդներ մարզի բոլոր տարածաշրջանների խոշոր համայնքներից:
-Իմ խնդիրն է լինելու ձեզ համար ազատ դաշտ ստեղծել, որպեսզի դուք ազատ և անկաշկանդ գործունեություն ծավալելու հնարավորություն ունենաք,-ասաց Ա. Ղուկասյանը:
Հանդիպմանը ներկա կազմակերպությունների ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին աջակցել խորհրդի ձևավորման, կանոնադրության մշակման աշխատանքներին: Երիտասարդները նաև ոլորտի առողջացմանն ուղղված մի շարք առաջարկություններով հանդես եկան, իրենց մտահոգող խնդիրները ներկայացրեցին: Մարզպետը առաջարկեց մինչև դեկտեմբերի 1-ը ռեզյումեների հետ միաժամանակ նաև ձևավորվելիք խորհրդի գործունեությանն առնչվող առաջարկությունների փաթեթ ներկայացնել: