Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը հաղորդակից դարձավ մշակույթի ոլորտում առկա խնդիրներին

16.11.2018

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզի մշակութային խնդիրներին ծանոթանալու նպատակով Լոռու մարզային գրադարանում հանդիպում ունեցավ մշակութային գործիչների հետ: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով ժամանակ գտնելու և հանդիմանը մասնակցելու համար՝ մարզպետը նշեց, որ պատրաստ է ուժերի ներածին չափով օգտակար լինել ոլորտի խնդիրների հաղթահարմանը:

-Հեղափոխությունը, ինչպես այլ ոլորտների գործիչներին, այնպես էլ՝ ձեզ հնարավորություն է տվել ամեն ինչ սկսելու նոր էջից: Ես չեմ պատրաստվում որևէ մեկի կամ որևէ մշակութային օջախի «հովանավորը» լինել՝ անտեսելով մյուսներին: Ինձ համար չեն լինելու սիրելիներ և մերժվածներ: Բոլորին վերաբերվելու եմ հավասարապես և ոլորտի բոլոր խնդիրները լինելու են հավասարաչափ կարևոր և առաջնային,- իր խոսքում նշեց մարզի ղեկավարը:

Մարզի մշակութային գործիչների կողմից բարձրացված հարցերի մեծ մասն առնչվում էր ֆինանսական միջոցների սղությանը ու վերջինիս արդյունքում առաջացած խնդիրներին՝ տարածքների նորոգում, աջակցության անհրաժեշտություն մշակութային միջոցառումների կազմակերպմանը, տոմսերի իրացման հետ կապված դժվարություններ և այլն: Ա. Ղուկասյանը  պատասխանեց, որ պատրաստ է նմանատիպ հարցերը քննարկել մշակույթի նախարարի հետ: Տոմսերի իրացման հետ կապված առաջարկվեց նաև թանգարանների համար կիրառվող աբոնենտային համակարգը ներդնել նաև համերգային միջոցառումներին կամ թատերական ներկայացումներին մասնակցելու առումով: Բարձրացվեց նաև առհասարակ բոլոր բնագավառներում հաղորդակցման, շփման մշակույթ ձևավորելու կարևորությունը,  մանկապարտեզներում և դպրոցներում  երեխաներին բարձրաճաշակ արվեստ մատուցելու անհրաժեշտությունը: Նշվեց, որ դպրոցներում հաճախ կերպարվեստի և երաժշտության դասաժամերը բաշխվում են ոչ մասնագետների միջև  և այդ առարկաները, ըստ էության, չեն դասավանդվում կամ մշակութային օջախների տնօրեններ են նշանակվում ոչ մասնագետները: Մարզպետին խնդրեցին նաև հետևողական լինել հատկապես գյուղական համայնքների գրադարանների անգործությանը(դրանք թանգարանների են վերածվել) կամ առկա մշակութային տներին, որոնք նույնպես չեն գործում ջեռուցման խնդիրների, մասնագետների բացակայության և այլ պատճառներով: Ա. Ղուկասյանը մարզպետրանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի բաժնի պետ Արամ Ռևազյանին հանձնարարեց ուսումնասիրություններ իրականացնել բարձրացված խնդիրների ուղղությամբ՝ խոստանալով հետևողական լինել և լուծում տալ դրանց:

Ներկաները կարևորեցին նաև մարզպետին կից մշակութային խորհուրդ ձևավորելու անհարժեշտությունը, որը հետևողականորեն կզբաղվի ոլորտում առկա խնդիրներով: Մարզպետը սրա հետ կապված ևս հանձնարարեց ուսումնասիրել գաղափարի  իրագործման հնարավոթյունները՝ նշելով, որ պատրաստակամ է նաև այդ հարցում:

Հանդիպման ավարտին Ա. Ղուկասյանը խոստացավ հագեցած աշխատանքային գրաֆիկի շրջանակներում ժամանակ գտնել և այցելել մշակութային միջոցառումների, ավելի հաճախ հանդիպել գործիչների հետ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09