Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը հաղորդակից դարձավ մշակույթի ոլորտում առկա խնդիրներին
16.11.2018
Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզի մշակութային խնդիրներին ծանոթանալու նպատակով Լոռու մարզային գրադարանում հանդիպում ունեցավ մշակութային գործիչների հետ: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով ժամանակ գտնելու և հանդիմանը մասնակցելու համար՝ մարզպետը նշեց, որ պատրաստ է ուժերի ներածին չափով օգտակար լինել ոլորտի խնդիրների հաղթահարմանը:
-Հեղափոխությունը, ինչպես այլ ոլորտների գործիչներին, այնպես էլ՝ ձեզ հնարավորություն է տվել ամեն ինչ սկսելու նոր էջից: Ես չեմ պատրաստվում որևէ մեկի կամ որևէ մշակութային օջախի «հովանավորը» լինել՝ անտեսելով մյուսներին: Ինձ համար չեն լինելու սիրելիներ և մերժվածներ: Բոլորին վերաբերվելու եմ հավասարապես և ոլորտի բոլոր խնդիրները լինելու են հավասարաչափ կարևոր և առաջնային,- իր խոսքում նշեց մարզի ղեկավարը:
Մարզի մշակութային գործիչների կողմից բարձրացված հարցերի մեծ մասն առնչվում էր ֆինանսական միջոցների սղությանը ու վերջինիս արդյունքում առաջացած խնդիրներին՝ տարածքների նորոգում, աջակցության անհրաժեշտություն մշակութային միջոցառումների կազմակերպմանը, տոմսերի իրացման հետ կապված դժվարություններ և այլն: Ա. Ղուկասյանը պատասխանեց, որ պատրաստ է նմանատիպ հարցերը քննարկել մշակույթի նախարարի հետ: Տոմսերի իրացման հետ կապված առաջարկվեց նաև թանգարանների համար կիրառվող աբոնենտային համակարգը ներդնել նաև համերգային միջոցառումներին կամ թատերական ներկայացումներին մասնակցելու առումով: Բարձրացվեց նաև առհասարակ բոլոր բնագավառներում հաղորդակցման, շփման մշակույթ ձևավորելու կարևորությունը, մանկապարտեզներում և դպրոցներում երեխաներին բարձրաճաշակ արվեստ մատուցելու անհրաժեշտությունը: Նշվեց, որ դպրոցներում հաճախ կերպարվեստի և երաժշտության դասաժամերը բաշխվում են ոչ մասնագետների միջև և այդ առարկաները, ըստ էության, չեն դասավանդվում կամ մշակութային օջախների տնօրեններ են նշանակվում ոչ մասնագետները: Մարզպետին խնդրեցին նաև հետևողական լինել հատկապես գյուղական համայնքների գրադարանների անգործությանը(դրանք թանգարանների են վերածվել) կամ առկա մշակութային տներին, որոնք նույնպես չեն գործում ջեռուցման խնդիրների, մասնագետների բացակայության և այլ պատճառներով: Ա. Ղուկասյանը մարզպետրանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի բաժնի պետ Արամ Ռևազյանին հանձնարարեց ուսումնասիրություններ իրականացնել բարձրացված խնդիրների ուղղությամբ՝ խոստանալով հետևողական լինել և լուծում տալ դրանց:
Ներկաները կարևորեցին նաև մարզպետին կից մշակութային խորհուրդ ձևավորելու անհարժեշտությունը, որը հետևողականորեն կզբաղվի ոլորտում առկա խնդիրներով: Մարզպետը սրա հետ կապված ևս հանձնարարեց ուսումնասիրել գաղափարի իրագործման հնարավոթյունները՝ նշելով, որ պատրաստակամ է նաև այդ հարցում:
Հանդիպման ավարտին Ա. Ղուկասյանը խոստացավ հագեցած աշխատանքային գրաֆիկի շրջանակներում ժամանակ գտնել և այցելել մշակութային միջոցառումների, ավելի հաճախ հանդիպել գործիչների հետ: