Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը արտագնա խորհրդակցություն անցկացրեց Ալավերդու համայնքապետարանում

14.11.2018

Նոյեմբերի 13-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի պաշտոնատար անձանց ուղեկցությամբ աշխատանքային այցով Ալավերդի համայնքում էր: Նա Ալավերդու քաղաքապետարանում Ալավերդի, Թումանյան, Ախթալա, Շնող խոշորացված համայնքների ղեկավարների և վարչական ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց արտագնա խորհրդակցություն:
Մարիզ ղեկավարը հստակ ցուցումներ տվեց՝ կապված սեփական եկամուտների հավաքագրման, համայնքներում իրականացվող շինաշխատանքերի հետ: Նա նշեց, որ վատ հավաքագրումները հաճախ խոսում են բնակչության՝ համայնքի ղեկավարի նկատմամբ ունեցած անվստահության մասին, ուստի այս առումով համայնքերի ղեկավարները պետք է լուրջ հետևություններ անեն: Ինչ վերաբերում է շինաշխատանքներին, ապա Ա. Ղուկասյանը նշեց, որ որևէ անորակ աշխատանք չի ընդունվելու: Նա հորդորեց անորակ աշխատանք նկատելու առաջին իսկ պահից արձագանքել:
Անդրադարձ կատարվեց նաև ալավերդցիների համար ամենախնդրահարույց հարցին՝ Ալավերդու պղնձաձուլարանի վերագործարկմանը: Մարզպետը տեղեկացրեց, որ շարունակվում են բանակցությունները գործարանը ժամանակավորապես վերագործարկելու շուրջ՝ զուգահեռ աշխատանքներ տանելով խնդիրների վերջնական կարգավորման ուղղությամբ:
Կրկին բարձրաձայնվեց Շամլուղ համայնքի երկու բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման խնդիրը: Մարզպետն ի պատասխան նշեց, որ շենքերի տանիքներից մեկը հնարավոր կլինի նորոգել պետական աջակցությամբ իրականացող առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերից տնտեսված միջոցներով, մյուս շենքի տանիքն առաջարկեց վերանորոգել համայնքային բյուջեի միջոցներով:
Համայնքների ղեկավարները մարզպետին ներկայացրեցին նաև սուբվենցիոն ծրագրերով իրենց համայնքներում իրականացվող աշխատանքները:
Խոսելով առաջիկա ընտրություններից՝ մարզպետ Ա. Ղուկասյանը խստորեն հանձնարարեց չմիջամտել այդ գործընթացին, պահանջեց իսպառ բացառել վարչական ռեսուրսի կիրառումը, համոզմունք հայտնելով, որ այս ընտրությունները պետք է էականորեն տարբերվեն նախորդներից:
Հաջորդիվ մարզի ղեկավարը հանդիպեց նշված համայնքների դպրոցների տնօրենների հետ։
-Եթե դպրոցական խորհուրդներում կան մարդիկ, ովքեր ազգակցական կապ ունեն Ձեզ հետ և իրենց ներկայությամբ ապահովում են Ձեր միահեծան գործունեությունը, հորդորում եմ օր առաջ դրանք վերակազմակերպել, այլապես կենթարկվեք խիստ պատասխանատվության,-իր խոսքում նշեց մարզպետը:
Կրթական հաստատությունների ղեկավարները խոսեցին դպրոցի խնդիրներից:
Խոսք հնչեց ոււսուցիչների ցածր աշխատավարձի և դրանից բխող կրթական ցածր մակարդակի վերաբերյալ, որին ի պատասխան մարզի ղեկավարն ընդգծեց. կրթական ոլորտի առաջընթացին նախ և առաջ խոչընդոտում են զարտուղի ճանապարհներով աշխատանքի ընդունվելու արատավոր փորձը և ընտրակեղծարարի պիտակը, ինչպիսին տնօրեններից շատերը ընկալվել են մարդկանց կողմից։ Իսկ աշխատավարձի բարձրացման առումով Ա. Ղուկասյանը վստահեցրեց, որ կառավարությունը մանկավարժներին գոհացնելու և պատվաբեր մասնագիտության համբավը վերականգնելու հստակ մոտեցւմ է որդեգրել:
-Ես Ձեզ ազատում եմ քվեներ ապահովելի տհաճ «պարտականությունից»,-ասաց մարզի ղեկավարը:
Մարզպետի հետ հանդիպման էին եկել նաև առողջապահության ոլորտի աշխատակիցները, որոնք ևս խոսեցին առաջնահերթ խնդիրներից:
Հանդիպման ավարտին մարզպետն անցկացրեց նաև քաղաքացիների ընդունելություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 15:45:30