Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը
14.11.2018
Այսօր Լոռու մարզպետարանում հրավիրվել էր Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր մարզպետարանի առողջապահության և սոցիալական-ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ, հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանը: Նիստին մասնակցում էր նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Վ. Ջաղինայնը հանձնաժողովի անդամների ուշադրությանը ներկայացրեց ՀՀ կառավարության 2018թ. սեպտեմբերի 27-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2019թ. տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ 1025-Լ որոշմումը, որը հանգամանորեն քննարկվեց հանձնաժողովի անդամների հետ:
Մարզի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությամբ իրականացված աշխատանքների և գործատուների հետ համագործակցության մասին տեղեկատվություն ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի «ՀՀ զբաղվածության գործակալության» Վանաձորի կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը: Նա մասնավորապես անդրադարձավ սեպտեմբերի 27-ին անցկացված աշխատանքի տոնավաճառի արդյունքներին՝ նշելով, որ ներկայացված 343 թափուր աշխատատեղերից արդեն լրացվել են 94-ը, ինչը չափազանց դրական արդյունք է:
2018թ. օգոստոսին Ծաղկաձորում անցկացված ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն հաշմանդամ մարզիկ» հանրապետական մրցույթում Լոռու մարզի հավաքականի հաղթական մասնակցության մասին տեղեկատվությունը ներկայացրեց Կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը: Մարզպետը շնորհավորեց թիմին հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ նաև առաջիկա մրցաշարերում:
Հանդիպման ընթացքում քննարկում ծավալվեց շենք-շինությունները և հանրային տրասպորտը հաշմանդամների համար հարմարավետ դարձնելու խնդրի շուրջ: Հանձնաժողովի անդամ, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը պարզաբանեց, որ նոր կառուցվող բոլոր հանրային շինությունները հարմարեցվում են հենաշարժողական խնդիրների ունեցող անձանց համար: Ինչ վերաբերում է տրանսպորտին, ապա նշեց, որ կառավարության մոտեցումն այն է, որ հանրապետությունում լինի մեկ միասնական օպերատոր: Մարզպետն իր հերթին հանձնաժողովի անդամներին առաջարկեց նոր կառուցվող հանրային նշանակության շինություններում հաշմանդամների տեղաշարժման հետ կապված խնդիրներ նկատելու դեպքում անմիջապես դիմել մարզպետարան:
Կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն ներկայացրեցին հանձնաժողովի անդամ հանդիսացող «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ն, «Լիարժեք կյանք» ՀԿ-ի Ստեփանավանի մասնաճյուղը, «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի Վանաձորի համայնքային կենտրոնը:
Վ. Ջաղինյանը տեղեկացրեց, որ 2018թ. նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հաշմանդամության հիմնահարցերին նվիրված միամսյակ կհայտարարվի, իսկ 2018թ. դեկտեմբերին կանցկացվի գլխավոր միջոցառումը և պարգևատրություն: