Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսավորությամբ բացվեց Վանաձորի բժշկական կենտրոնը

12.11.2018

 Այսօր հանդիսավորությամբ բացվեց նորակառույց Վանաձորի բժշկական կենտրոնը: Մարզի ու մասնավորապես Վանաձորի ազգաբնակչության համար այս չափազանց կարևոր միջոցառմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզպետի տեղակալներ Արամ Խաչատրյանը, Արշակ Հովսեփյանը, այլ պաշտոնատար անձինք, բժիշկներ, հյուրեր: Վանաձորի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքը կառուցվել է քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից` պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ ծննդատան մասնաշենքը` «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, և հագեցվել Համաշխարհային բանկի վարկային միջոցներով` «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ուղղակի վերահսկողության ներքո:
«Այսօր շահագործման ենք հանձնում մարզային ևս մեկ, ժամանակի պահանջներին համապատասխան բժշկական հաստատություն: Այսօր իր դռներն է բացում Վանաձորի նոր բժշկական կենտրոնը, որը Լոռու մարզի մոտ 220 հազար, և մասնավորապես Վանաձորի 80 հազար բնակչությանը հնարավորություն կտա տեղում` իրենց բնակավայրին մոտ երկրորդային և երրորդային մակարդակի բժշկական ծառայություններ ստանալու: Սա նշանակում է, որ մարզի բնակչությունը կարող է ստանալ որակյալ, մատչելի և արդի բժշկական ծառայություններ առանց հասնելու մայրաքաղաք` խնայելով ժամանակը, կրճատելով ծախսերը»,- բացման խոսքում նշեց Արսեն Թորոսյանը, հավելելով, որ գերնպատակ է համահարթեցնել առողջապահական ծառայությունների որակը մայրաքաղաքում և մարզերում, և սա հերթական քայլն է, որ որակյալ բուժօգնությունը հասանելի ու մատչելի լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն իր խոսքում ընդգծեց. «Մինչ ծրագրի սկսելը նախնական գնահատում էր արվել, հասկանալու համար, թե որն է նպատակահարմար՝ վերանորոգել հին մասնաշենքերը, թե կառուցել նոր բժշկական կենտրոն: Արդյունքում, թե՛ տնտեսապես, թե՛ առողջապահական հաստատություններին ներկայացվող ժամանակակից պահանջներին համապատասխանելու առումով՝ նպատակահարմար էր դիտվել նոր կենտրոնի կառուցումը: Այսուհետ շտապ օգնության, առողջության վերականգնման միջոցառումներն իրականացվելու են հարմարավետ, շահագործման համար անվտանգ և ժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնում»:
Մարզպետ Ա.Ղուկասյանը շնորհավորեց Վանաձորի բժշկական կենտրոնի բուժանձնակազմին և բնակիչներին՝ մարզկենտրոնում այլևս բարձրակարգ բժշկական ծառայություններ ունենալու կապակցությամբ.
«Տասնամյակներ շարունակ Վանաձորն ու վանաձորցին զրկված են եղել հարմարավետ պայմաններում բուժում ստանալու հնարավորությունից և հրաշալի է, որ ավելի քան 4 տարվա աշխատանքներից հետո, այսօր հնարավորություն ունենք վայելելու այս հրաշալի շենքը: Շենքի բացումը նախատեսվում էր մի փոքր ավելի վաղ, սակայն փաստաթղթային որոշ խնդիրների պատճառով այս իրադարձությունը մի փոքր հետաձգվեց: Այդ խնդիրների շուտափույթ լուծմանը ձեռնամուխ եմ եղել և՛ որպես մարզպետի տեղակալ, ապա նաև՝ որպես մարզպետ: Այժմ, երբ խնդիրներն անցյալում են, ուրախ ենք ձեզ ներկայացնելու եռահարկ, ժամանակակից լուծումներով, անհրաժեշտ բոլոր սարքավորումներով հագեցած կենտրոնը, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները հիվանդների շուտափույթ բուժման և հարմարավետ կեցության համար: Վստահ եմ, որ այս կենտրոնը հարմարավետ պայմաններից զատ, նոր խոսք կասի ազգաբնակչությանը՝ մատուցվող ծառայությունների ընդլայնման, որակի և բուժանձնակազմի մոտեցումների և աշխատաոճի նորացման միջոցով: Մեր առաջնային պահանջը մարզի բուժհիմնարկներից պետք է լինի հիվանդների նկատմամբ բարեհամբույր մոտեցումը և բարձրորակ սպասարկումը»,- ասաց Ա. Ղուկասյանը՝ վստահեցնելով, որ ինքը, որպես մարզպետ, պատրաստ է բուժաշխատողների կողքին:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի անունից ներկաներին ողջունեց Սարգիս Կարապետյանը:
Այնուհետև ներկաները շրջեցին բուժհաստատությունով՝ ծանոթանալով ստեղծված պայմաններին:
Նորակառույց այս բարձրակարգ կենտրոնը բաղկացած է երկու մասնաշենքից՝ հիմնական (150 մահճակալ) և ծննդատան (40 մահճակալ), ընդհանուր ունի 190 մահճակալ հզորություն, վերազինվել է այնպիսի բժշկական սարքերով, որոնք նախկինում չեն եղել Լոռու մարզում: Օրինակ` կգործի անգիոգրաֆիայի բաժանմունքը` ժամանակակից անգիոգրաֆիկ սարքով, ինչը հնարավորություն է ընձեռում իրականացնել ինչպես ախտորոշիչ, այնպես էլ ինվազիվ բժշկական միջամտություններ, նաև իրականացնելու ներերակային լազերային կոագուլացիա՝ վարիկոզ հիվանդության ու սուր թրոմբոֆլեբիտների բուժման նպատակով, որը քիչ տրավմատիկ է և ապահովում է հիվանդների արագ վերականգնումը: Առկա է նաև համակարգչային շերտագրման սարք, էլեկտրանեյրոմիոգրաֆ, բազմաֆունկցիոնալ թվային ռենտգեն համալիր, ուլտրաձայնային հետազոտման շարժական և ստացիոնար սարքեր, նորածինների սիպապ: Եվ, որ ամենակարևորն է, ապահովել է վերապատրաստված ու բանիմաց մասնագետներով: Միաժամանակ, ամբողջովին արդիականացվել է հեմոդիալիզի բաժանմունքը՝ տրամադրվել են հեմոդիալիզի 15 սարք և ջրի մաքրման կայան:
Նորաստեղծ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված ընդհանուր ներդրումները կազմել են՝ 6,647.0 մլն դրամ:
Շրջայցի ավարտին լրագրողների այն հարցին, թե ինչ ճակատագիր է ի վերջո սպասվում Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցին, Արսեն Թորոսյանը պատասխանեց.
«Ուզում եմ, որ բոլորը մեկընդմիշտ իմանան, որ որոշումներ կայացնելիս մենք առաջնորդվում ենք միմիայն պացիենտների շահերով, պահպանում ենք բոլոր սանիտարական նորմերը: Ընդամենը խոսքը գնում է քննարկումների մասին, տարբեր ծառայություններ ավելի լավ որակով մատուցելու մասին: Վերջնական որոշումը կկայացվի մաքսիմալ օպտիմալ ձևով:»
Լրագրողներին հարցերին ի պատասխան՝ մարզպետը նշեց, որ առաջիկայում առողջապահության ոլորտին ուղղված բազմաթիվ այլ ծրագրեր ևս կիրականացվեն: Ծառայությունների առումով մարզպետը նշեց, որ դրանք ավելի մատչելի կլինեն, քան մայրաքաղաքում, ինչը կնպաստի, որ ավելի շատ հիվանդներ շահագրգռված լինեն բուժում ստանալու Վանաձորի բժշկական կենտրոնում, ինչ արդեն իսկ ակնառու է:
«Ես՝ որպես մարզպետ, ամենօրյա ռեժիմով պետք է հետևեմ այս կառույցի գործունեությանը, և ուզում եմ վստահեցնել, որ կարճ ժամանակ անց արդյունքները տեսանելի կլինեն»,-ասաց Ա. Ղուկասյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22