Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց Լոռու մարզպետի մամլո ասուլիսը

09.11.2018

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց՝ որպես մարզպետ պաշտոնավարման ընթացքում առաջին մամլո ասուլիսը, որին ներկա էին մարզային և հանրապետական լրատվամիջոցների մարզային թղթակիցները:
Մինչ հարցուպատասխանին անցնելը, մարզպետը համառոտ ներկայացրեց շուրջ մեկամսյա պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքները և առաջիկա ծրագրերը:
-Ասուլիսը կազմակերպում ենք մի փոքր ավելի վաղ, քան նախատեսում էինք՝ ելնելով լրագրողների ցանկությունից,-ասաց Ա Ղուկասյանը: Նա իր խոսքում մասնավորապես նշեց.
-Մինչ մարզպետ նշանակվելը՝ շուրջ 4 ամիս աշխատել եմ՝ որպես փոխմարզպետ, իմ գործունեությունը կազմակերպել եմ թափանցիկ: Այդ ընթացքում բարձրացվել են հիմնադրամների գործունեությանը, անորակ շինաշխատանքներին վերաբերող և մի շարք այլ հարցեր, որոնց հիման վրա հարուցվել են քրեական գործեր: Վանաձորի բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի գործարկման հետ կապված փաստաթղթային խնդիրներն են հարթվել, առողջապահության ոլորտում առկա արատավոր երևույթները հասցվել են նվազագույնի, բուժհիմնարկների մեկ տնօրենի մրցույթ է հայտարարվել, որն անցկացվել է թափանցիկ: Այս ամսվա վերջին տեղի կունենա նաև Վանաձորի թիվ 5 համաբուժարանի տնօրենի մրցույթը, որը ևս կանցկացվի բաց և թափանցիկ: Մրցույթին մասնակցելու ցանկություն է հայտնել 8 մասնագետ: Սա իհարկե աննախադեպ երևույթ է, և վկայում է վստահության մասին: Թափուր աշխատատեղերի հետ կապված՝ թե՛ կրթական և թե՛ մյուս ոլորտներում միջնորդություն չի լինելու ո՛չ իմ և ոչ մյուս աշխատակիցների կողմից: Մարզպետի կողմից տրվող սոցիալական օգնությունների վերաբերյալ ողջ տեղեկատվությունն արդեն տեղադրվում է մարզպետարանի պաշտոնական կայքէջում և ֆեյսբուքյան էջում: Կադրային քաղաքականության հետ կապված՝ ասել և ևս մեկ անգամ կրկնում եմ. մարզպետարանում պետք է աշխատեն միայն արհեստավարժ և գիտակ մարդիկ: Նրանք, ովքեր չեն համապատասխանի մեր կողմից առաջադրված պահանջներին չեն շարունակի իրենց աշխատանքը:
Չափազանց կարևորում եմ մարզպետարանի աուդիտի բաժնի գործունեությունը: Ներկայում իմ հանձնարարությամբ աուդիտ է իրականացվում մարզի թվով 5 դպրոցներում և մեկ սոցիալական ծառայությունում: Արդյունքները լինելուն պես կհրապարակվեն: Տեղեկացնեմ, որ 2019թ. ֆինանսական հատկացումները մարզին (համայնքները ներառյալ) ավելին կլինեն, քան 2018թ.-ին էր: Եթե այս տարի մարզին հատկացվել է 11 մլրդ 943 մլն դրամ, ապա հաջորդ տարի՝ 12 մլրդ 701 մլն դրամ:
Տարվող շինաշխատանքների մասով ուզում եմ վստահեցնել, որ դրանք լինելու են անձամբ իմ վերահսկողության ներքո, և խախտումների դեպքում ձեռք կառնվեն համապատասխան միջոցներ:
Դպրոցական խորհուրդների կազմերի վերաբերյալ ուզում եմ վստահեցնել, որ դրանք քայլառքայլ կհամապատասխանեցվեն պահանջված չափանիշերին:
Ուզում եմ առանձնահատուկ անդրադառնալ 2019թ. փետրվարի 23-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպվելիք բիզնես-ֆորումին: Աշխատանքները մոտ մեկ ամիս է՝ մեկնարկել են: Ֆորումը ներդրողներին ներգրավելու, բիզնես միջավայրը մարզում ակտիվացնելու նպատակ ունի:
Մարզպետը պատասխանեց նաև լրագրողների հարցերին: Լրատվամիջոցներից մի քանիսը նշեցին, որ ասուլիսի են եկել Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցից, որտեղ կոլեկտիվը դժգոհություն է արտահայտում ինֆեկցիոն հիվանդանոցը Վանաձորի նորակառույց բժշկական կենտրոնի մասնաշենք տեղափոխելու կապակցությամբ: Պատճառաբանվում է, որ ինֆեկցիոն հիվանդանոցն ունի առանձին կոյուղագիծ և քլորատուն, ինչը առավել ապահով պայմաններ է ստեղծում ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը կանխելու առումով, մինչդեռ, ըստ կոլեկտիվի, Վանաձորի բժշկական կենտրոնում այդպիսի պայմաններ չկան: Լրագրողներին հետաքրքրում էր նաև հիվանդանոցների՝ ազատվող մասնաշենքերը տնօրինելու և բուժոլորտում սպասվող կրճատումների հարցը:
ԻՆֆեկցիոն հիվանդանոցի վերաբերյալ հարցին մարզպետը պատասխանեց, որ հարցը դեռևս քննարկման փուլում է, և վերջնական որոշում կայացված չէ: Վերջինիս պարագայում, բնականաբար, հաշվի կառնվեն բարձրաձայնվող բոլոր խնդիրները, ռիսկերը:
-Տեղափոխման նախաձեռնության նպատակը մատուցվող բուժծառայությունները մեկտեղելն է և ծախսերի տնտեսումը,-պարզաբանեց մարզպետը:
Ինչ վերաբերում է հաստիքների կրճատումներին, ապա Ա. Ղուկասյանը նշեց, որ այդպիսի քննարկում չի ծավալվում: Նրա ներկայացմամբ՝ չի բացառվում նաև Արյան փոխներարկման կայանի և Վանաձորի թիվ 1 համաբուժարանի տեղափոխումը «Նարեկ» մասնաշենք, քանի որ այդ բուժհաստատությունների շենքային պայմաններն անմխիթար են:
Ինչ վերաբերում է ազատվող մասնաշենքերի տնօրինման վերաբերյալ հարցին, ապա մարզպետը նշեց, որ դրանք կհանձնվեն պետական գույքի կառավարմանը: Չի բացառվում նաև, որ առաջարկություն ներկայացվի դրանք սոցիալական բնակարանների վերածելու:
Կոռուպցիոն երևույթների վերաբերյալ լրագրողների հարցին՝ ի պատասխան Ա. Ղուկասյանն ասաց, որ կոռուպցիոն դրսևորումների մասին ցանկացած դիմում և նամակ ուղղորդվում է իրավապահ մարմիններին:
-Ցանկացած ահազանգի ընթացք է տրվում,- ասաց մարզպետը:
Ալավերդու պղնձաձուլական գործարանի վերագործարկման վերաբերյալ հարցին մարզի ղեկավարը պատասխանեց, որ այն ժամանակավորապես կաշխատի մինչև ժամանակակից չափորոշիչներին և բնապահպանական նորմերին համահունչ նոր գործարանի կառուցումը և նշեց, որ Ալավերդու տարածաշրջանում նաև խոշոր ներդրումային ծրագրեր են ակնկալվում, որոնք աշխատատեղերի ստեղծման առումով՝ որպես այլընտրանք կարող են դիտարկվել:
Ներդրումների թեման շարունակելով՝ մարզի ղեկավարն ասաց, որ 2 ներդրումային ծրագիր արդեն հստակեցված է. առաջինը Հայաստանում ստեղծված պարսկական «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» ՍՊԸ-ի՝ Վանաձորում բիզնես ծրագիր իրականացնելու մտադրությունն է և երկրորդը՝ Արդվի համայնքում ֆրանսիահայ գործրարարի կողմից հյուրանոցային համալիր հիմնելու առաջարկը: Կան նաև մի քանի այլ ծրագրեր, որոնք քննարկման փուլում են:
Նա նաև պատասխանեց մարզպետարանում իրականացվող կադրային քաղաքականության, ներհամայնքային և միջհամայնքային երթուղիների պատշաճ գործարկման, սեփական եկամուտների հավաքագրման և դրանց ծախսային մասի վերահսկման, բնակարանաշինության վերաբերյալ և մի շարք այլ հարցերի:
Ասուլիսի տեսանյութն ամբողջությամբ՝ շուտով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:11:17