Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեծավանի ջրամբարը ենթակա է վերականգնման. փոխմարզպետն աշխատանքային այցով համայնքում էր
07.11.2018
Օրեր առաջ Լոռու մարզպետարան էր դիմել Մեծավան խոշորացված համայնքի Ձյունաշող բնակավայրի վարչական ղեկավարը՝ մտավախություն հայտնելով, որ Մեծավանի ջրամբարի ջրթող բետոնե կառույցը վնասված է և աստիճանաբար առավել վթարային է դառնում: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ խնդիրը տեղում ուսումնասիրելու նպատակով մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը և մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետները նոյեմբերի 6-ին եղան Ձյունաշող բնակավայրում: Ջրամբարի վնասված հատվածը տեղում ուսումնասիրելուց հետո քննարկում ծավալվեց «Լոռի» ՋՕԸ ղեկավար կազմի հետ: Ներկաները հանգեցին եզրակացության, որ հնարավորինս արագ անհրաժեշտ է իրականացնել ջրամբարի վերականգնման աշխատանքներ: Ուշացումը կհանգեցնի կառույցի էլ ավելի քայքայմանը, ընդհուպ մինչև ջրամբարի պատնեշի փլուզում: Հարկ է նշել, որ ջրամբարը գտնվում է ծովի մակարդակից 1582 մ բարձրության վրա: Այստեղ ամբարված է շուրջ 5 մլն խորանարդ մետր ջուր: Խնդրի վերաբերյալ գրություն կուղարկվի ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին՝ աջակցության խնդրանքով:
Այցի շրջանակներում, Ս. Սարուխանյանը խորհրդակցություն անցկացրեց նաև Մեծավան միավորված համայնքի, բնակավայրերի ղեկավարների, աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Քննարկվեցին եկամուտների հավաքագրմանը, գյուղատնտեսական աշխատանքներին վերաբերող հարցեր: Փոխմարզպետը հորդորեց ակտիվորեն աշխատել ներդրողների հետ և պայմաններ ստեղծել գյուղապետարանում բնակչության սպասարկման մակարդակը բարձրացնելու համար: Փոխմարզպետին տեղեկացվեց, որ Ձյունաշող բնակավայրում ներդրումային ծրագրով նախատեսվում է ֆերմերային մասնավոր տնտեսություն հիմնել: Նպատակ կա զարգացնել նաև էկոտուրիզմը: