Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Մեր այսօրվա վերաբերմունքի մեջ արտառոց ոչինչ չկա». Լոռու մարզպետն այցելեց Վանաձորում բնակվող 82-ամյա Արաքսյա Խառատյանին
30.10.2018
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը տարեցների միջազգային օրվա կապակցությամբ հայտարարել էր միամսյակ՝ կոչ անելով բոլոր ոչ անտարբեր և սոցիալապես պատասխանատու անհատներին և կազմակերպություններին իրենց երախտագիտությունը հայտնել այն մարդկանց, ովքեր վաստակել են երջանիկ ծերության իրավունքը։ Միամսյակին ակտիվ մասնակցության կոչ էր հնչել նաև վանաձորցիներին` պաշտոնյաներին, անհատներին, պետական և ոչ պետական կառույցներին, զանգվածային լրատվամիջոցներին:
Տեղեկանալով «Հայկական Կարիտասի» առաջարկի մասին՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ցանկություն հայտնեց մասնակցելու բարեսիրական նախաձեռնությանը:
«Տնային խնամք միայնակ ծերերին» ծրագրի Վանաձորի համակարգող Հասմիկ Հովսեփյանի ուղեկցությամբ մարզի ղեկավարը եղավ 82-ամյա Արաքսյա Խառատյանի բնակարանում, տրամադրեց դրամական աջակցություն միայնակ կնոջ առողջական ու սոցիալական խնդիրները փոքր-ինչ մեղմելու համար:
Անդրեյ Ղուկասյանը մանրամասն ծանոթացավ Արաքսյա Խառատյանի խնդիրներին՝ վստահեցնելով, որ իր հսկողության և ուշադրության տիրույթում է լինելու յուրաքանչյուր քաղաքացու հոգսն ու ճակատագիրը:
-Մեր այսօրվա վերաբերմունքի մեջ արտառոց ոչինչ չկա: Բոլորը պետք է հոգատար վերաբերմունք ցուցաբերեն իրենց տներում կամ իրենց շուրջն ապրող տարեցների նկատմամբ: Կոչ եմ անում այն մարդկանց, ովքեր հնարավորություն ունեն թեկուզ փոքր չափով և գոնե տարվա մեջ մեկ-երկու անգամ նման այցելություն կազմակերպելու, հենց այս պահից, առանց հապաղելու, ձեռնարկեն իրենց բարի գործը, որովհետև դրանով նրանք կարող են լրջորեն փոխել մեր տարեցներից մեկի կյանքը,- իր խոսքում նշեց մարզի ղեկավարը: