Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը գնում է բոլոր դեպքերի հետքերով
30.10.2018
Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը հատկապես վերջին շրջանում մի շարք դիմում-նամակներ է ստանում՝ ոլորտում առկա խնդիրների, նամակագիրների ներկայացմամբ՝ երբեմն նաև՝ անօրինականության ինչ-ինչ դրսևորումների վերբերյալ: Մարզպետի հանձնարարությամբ, դիմում-նամակների բովանդակությունից անկախ, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման ներկայացուցիչները գնում են դեպքերի հետքերով, ուսումնասիրություններ իրականացնում, համապատասխան քայլեր են ձեռնարկվում:
Վերջիններիս հետ կապված՝ պարզաբանումներ ներկայացրեց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Գարիկ Տոնոյանը:
Բաժնի պետը մասնավորապես անդրադարձավ Լեռնավանի դպրոցի փոխտնօրենի դժգոհությանը, առ այն, որ տնօրենը կրճատել է իր դրույքաչափը: Վարչության ուսումնասիրությունները դեպքի առնչությամբ պարզել են, որ դպրոցի տնօրենը, հաշվի առնելով դպրոցի ֆինանսական խնդիրները, տարիֆիկացիոն հանձնաժողովի առաջարկությամբ և խորհրդի որոշմամբ ստիպված է եղել մեկական դրույքաչափով աշխատող երկու փոխտնօրենների հաստիքները կրճատել 0,5-ական դրույքով:
-Դժգոհություն ներկայացրած փոխտնօրենը պահանջում է կրճատել մյուս փոխտնօրենին՝ անձեռնմխելի թողնելով իր դրույքաչափը: Այցելություն է կատարվել դպրոց, բացատրական աշխատանքներ են իրականացվել,-ասաց բաժնի պետը:
Աթան գյուղի դպրոցի կենսաթոշակային տարիքի ուսուցիչներից մեկն էլ դպրոցի տնօրենի դեմ բողոք է ներկայացրել՝ իրեն աշխատանքից ազատելու մեղադրանքով: Մինչդեռ ուսումնասիրութուններից պարզ է դարձել, որ չնայած կենսաթոշակային տարիքին, երկու անգամ տնօրենը, ընդառաջելով ուսուցչին, երկարացրել է պայմանագրի ժամկետը:
Հաջորդ երկու նամակների հեղինակները, ըստ Գ. Տոնոյանի, իրենց կողմից նշված հասցեներում հաշվառված չեն եղել: Առաջին նամակի հեղինակը բողոք է հայտնել Անտառամուտի դպրոցի տնօրենից և նշել, որ դպրոցում անօրինություններ են կատարվում, դպրոցի գրադարանի գրքերն են յուրացվել և այլն: Նույն բովանդակությամբ նամակներ են ուղղվել նաև ոստիկանությանը, ՀՀ վարչապետին: Ուսումնասիրությունների արդյունքում որևէ անօրինական արարք չի հայտնաբերվել:
Կեղծ հասցեատիրոջից նույնաբովանդակ նամակ է ստացվել նաև Տաշիր համայնքից: Այս անգամ խոսքը Տաշիրի թիվ 2 դպրոցի տնօրենի մասին է, ում նամակի հեղինակը «մեղադրել է» դպրոցում դրամահավաք կազմակերպելու մեջ: Դարձյալ ուսումնասիրությունները փաստել են, որ գումարը հավաքվել է ծնողական խորհրդի որոշմամբ (արձանագրություններն առկա են)՝ դասարանի աշակերտների տրանսպորտային ծախսերը հոգալու համար:
Խնդրահարույց է նաև Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոցում ստեղծված իրավիճակը՝ մաթեմատիկայի դասաժամերի բաշխման հետ կապված: Հարցը խորապես ուսումնասիրվել է, սակայն ըստ Գ. Տոնոյանի, խնդիրը դպրոցի իրավասությունների սահմանում է, քանի որ դպրոցական ուսումնական պլանի տնօրինումը զուտ մանկավարժական խորհրդի և տնօրենի իրավասության շրջանակներում է: