Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն
29.10.2018
Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետի տեղակալների, խորհրդականների, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:
Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, մարզպետը ներկայացրեց նախորդ շաբաթ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում քննարկված հարցերը, տրված հանձնարարականները՝ ստորաբաժանումների ղեկավարներին առաջարկելով ներկայացնել դրանց ուղղությամբ կատարված աշխատանքների ընթացքը:
Առաջին հանձնարարականն էր. hետևել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը և անհրաժեշտության դեպքում միջամտել ՋՕ-երի գործունեությանը և ջրառին: Մարզպետին տեղեկացվեց, որ ուսումնասիրություններ են կատարվել, դրանք պարբերական բնույթ են կրելու: Պարզաբանվեց, որ մարզում խնդիրը հիմնականում քայքայված ցանցի հետևանքով ջրի կորուստներն են:
Հաջորդ հանձնարարականը ավտոմոբիլային ճանապարհներին հարող հատվածներում առկա բենզալցակայանների, ԱԳԼՃԿ-ների տարածքում սանհանգույցների առկայությանն ու դրանք ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելուն էր վերաբերում: Հարցի վերաբերյալ զեկուցվեց, որ ուսումնասիրություններ են կատարվել և պարզվել է, որ զգալի թերություններ կան ոլորտում:
-Տասնօրյա ժամկետում թերությունների վերացման ուղղությամբ քայլեր չձեռնարկելու դեպքում՝ տույժ ու տուգանքներ կկիրառվեն,-ասաց մարզպետը:
Սեփական եկամուտների հավաքագրման վերաբերյալ հանձնարարականի կատարման ուղղությամբ ևս հետևողական աշխատանքներ են տարվում: Տասն ամսվա կտրվածքով սեփական եկամուտների հավաքագրումը պլանի դիմաց կազմել է 86,5 տոկոս: Ա. Ղուկասյանը փոխմարզպետներին հանձնարարեց շաբաթվա ընթացքում լինել 2-3 առավել թերացող համայնքներում և բացահայտել թերացումների պատճառները, միջոցներ ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ:
Անդրադառնալով «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես-ֆորումի նախապատրաստական աշխատանքների իրականացման վերաբերյալ հանձնարարականին՝ մարզի ղեկավարը համոզմունք հայտնեց, որ ֆորումը կկազմակերպվի բարձր մակարդակով և կծառայի բուն նպատակին, այն է՝ ներդրումների ներգրավմանը:
Ըստ համակարգման ոլորտների, նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքներին անդրադարձան մարզպետի տեղակալներ Արամ Խաչատրյանը, Սերգեյ Սարուխանյանը և Արշակ Հովսեփյանը: Մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Խաչատրյանը ներկայացրեց ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքները՝ նշելով, որ բոլոր հանձնարարականները կատարվել են ժամկետների մեջ:
Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները, ըստ ոլորտների, խոսեցին կատարված աշխատանքների, ոլորտային խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին:
Քննարկվեցին նաև այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ: