Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորի բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացումը՝ նոյեմբերի 3-ին

23.10.2018

Մարզի առողջապահության ոլորտում առաջիկայում սպասվելիք կարևորագույն իրադարձությունը Վանաձորի բժշկական կենտրոնի նոր մասնաշենքերի բացումն է: Միջոցառումը կանցկացվի նոյեմբերի 3-ին: Ներկայում իրականացվում են մի մասնաշենքից մյուս մասնաշենք ծառայությունների տեղափոխման աշխատանքներ:

-Ոչ մի հին գույք կամ հին բժշկական սարքավորում չի տարվելու նոր մասնաշենք: Վանաձորի բժշկական կենտրոնը հագեցած է ժամանակակից բժշկական սարքավորումներով և գույքով, որոնք եզակի են հանրապետությունում: Մեր հանրությանը կմատուցվեն բարձրորակ բժշկական ծառայություններ,-ասաց մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը՝ հավելելով, որ նախկին մասնաշենքերը՝ բացառությամբ «Նարեկ» կոչվող մանկական բաժանմունքի մասնաշենքի, կհանձնվեն պետգույքի կառավարմանը: «Նարեկի» մասնաշենքը հետագայում կօգտագործվի՝ ըստ անհրաժեշտության:

Վարչության պետը հայտնեց նաև, որ օրերս հուշագիր է ստորագրվել ՀՀ առողջապահության նախարարության և Վանաձորի թվով 3 բուժհաստատությունների միջև ոչ վարակիչ հիվանդությունների և սքրինինգների շարունակականության վերաբերյալ: Այդ բուժհաստատություններն են՝ Վանաձորի «Գուգարք», թիվ 5 համաբուժարանները և Ստեփանավանի բժշկական կենտրոնը, որտեղ առկա են սքրինինգի համար նախատեսված լաբորատորիաներ(արգանդի քաղցկեղի, շաքարային դիաբետի և արյան զարկերակային ճնշման կանխարգելում): Նա նշեց, որ նախորդ տարի Լոռու մարզը սքրինինգների կատարման մակարդակով հանրապետությունում առաջինն է եղել: Այս տարի ևս, ըստ առկա տվյալների, դարձյալ առաջինն է:

Մարզի առողջապահության ոլորտի վերջին շրջանի ձեռքբերումներից է նաև շտապօգնության 15 մեքենայի (այդ թվում նաև՝ ռեանիմոբիլներ) ձեռքբերումը, որը, իբրև աջակցություն, տրամադրվել է Չինաստանի կառավարության կողմից: Մեքենաները տրամադրվել են Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի և Ալավերդու բժշկական կենտրոններին:

Ս. Լամբարյանն իր խոսքում կարևորեց նաև վճարովի ծառայությունների մուտքերի ավելացումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ. եթե 2017թ. հոկտեմբերի 1-ի տվյալներով վճարովի ծառայությունները կազմում էին 404 մլն 567,5 հազար, ապա այս տարի 513 մլն 192,3 հազար դրամ, ինչը ևս լուրջ ձեռքբերում կարելի է համարել:

Վարչության պետը հիշեցրեց, որ բուժաշխատողների և բուժհաստատությունների ղեկավարների տնօրենների թափուր տեղերի մրցույթները հրապարակվում են թերթերում և տեղակայվում են մարզպետարանի պաշտոնական կայքէջում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22