Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն. մարզի ղեկավարը մի շարք հստակ հանձնարարականներ հնչեցրեց

22.10.2018

 Հոկտեմբերի 22-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից անցկացված ամենշաբաթյա աշխատանքային խորհրդակցության օրակարգային հարցերը հիմնականում վերաբերում էին նախորդ շաբաթվա ընթացքում փոխմարզպետների և կառուցվածքային ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքներին, ինչպես նաև տրված հանձնարարականների ընթացքին:
Մինչ վերջիններիս անդրադառնալը, մարզպետը ներկայացրեց նորանշանակ փոխմարզպետ Արշակ Հովսեփյանին, խորհրդական Լևոն Տեր-Սիմոնյանին և օգնական Գայանե Մարկոսյանին՝ մաղթելով նրանց աշխատանքային հաջողություններ:
Համակարգվող ոլորտներում իրականացված աշխատանքներից զատ մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանն իրազեկեց հոկտեմբերի 24-ին կազմակերպվելիք «ՀՀ Լոռու մարզի բնակչության և տարածքային պաշտպանության կազմակերպումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով շտա¬¬բային ուսումնավարժության վերաբերյալ՝ ստորաբաժանումների ղեկավարներին առաջարկելով ծանոթանալ պլաններին:
Մարզպետը հանձնարարեց ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել ուսումնավարժություններին, և բարձր պատրաստականություն ցուցաբերել: Ա. Ղուկասյանը նաև շնորհակալություն հայտնեց «Բերքի տոն» տոնահանդեսը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Փոխմարզպետներ Սերգեյ Սարուխանյանը և Արշակ Հովսեփյանը նույնպես անդրադարձան նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքներին:
-Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումներն այսուհետ ամեն շաբաթ հանդես կգան կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ հաշվետվություններով՝ հանգամանորեն անդրադառնալով այն հանձնարարականների ընթացքին, որոնք կտրվեն իմ կողմից,- ասաց Ա. Ղուկասյանը:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Արփինե Մատինյանը մասնավորապես անդրադարձավ պարտուսից դուրս մնացած երեխաներին դպրոց ուղղորդելու, դպրոցական խորհուդների կազմերում փոփոխություններ կատարելու ուղղությամբ մարզպետի հանձրարությամբ կատարված աշխատանքների, ինչպես նաև մի քանի բողոքների հետքերով իրականացված հետևողական քայլերին: Ա. Ղուկասյանը հանձնարարեց բողոքների դեպքում անձամբ ուսումնասիրություններ կատարել և կազմել եզրակացություններ:
-Այն բողոքները, որոնք քրեածին տարրեր են պարունակում, ուղղորդեք դեպի համապատասխան մարմիններ,-ասաց նա:
Ինչ վերաբերում է խորհուրդների կազմերի փոփոխությանը, ապա, ըստ Ա. Մատինյանի, դպրոցական խորհուրդների ժամկետները սպառվում են 2019թ. մարտին, որից հետո միայն սահմանված կարգով նոր ընտրություններ կկազմակերպվեն՝ խիստ վերահսկվելով մարզպետարանի կողմից:
Մարզպետի հաջորդ ցուցումը, ինչպես կրթության, այնպես էլ՝ առողջապահության ոլորտներում, կուսակցական գործունեության իսպառ բացառումն է: Նրա հանձնարարականով նաև առաջիկայում աուդիտ կիրականացվի մարզի թվով 5 դպրոցներում: Հստակ պահանջ դրվեց նաև ուսուցիչների և տնօրենների թափուր աշխատատեղերի վերաբերյալ բոլոր մրցույթների հայտարարությունները տեղադրել մարզպետարանի պաշտոնական կայքէջում:
Մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը ներկայացրեց 2018թ. առաջին կիսամյակի գործուեության ծրագրի մոնիտորիգի նախնական արդյունքները, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերի ընթացքը: Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերի վերջին հաստատվել էսուբվենցիոն 3 ծրագիր: Մերժվել են 2-ը:
Ա. Ղուկասյանը բաժնին հանձնարարեց նախապատրաստական աշխատանքներ իրականացնել հաջորդ տարվա փետրվարին անցկացվելիք բիզնես- ֆորումի ուղղությամբ: Հանձնարարվեց նաև կայքէջի սպասարկումն իրականացնել առավելագույնս օպերատիվ կերպով, ինչպես նաև տեղադրել սոցիալական օգնություն ստացած անձանց տվյալները: Կարևորվեց նաև արտասահմանյան գործընկերների հետ հարաբերությունների վերագործարկման անհրաժեշտությունը:
Մարզի առողջապահության ոլորտում առաջիկայում սպասվելիք կարևոր իրադարձությունը Վանաձորի բժշկական կենտրոնի բացումն է, որը նախատեսված է նոյեմբերի 3-ին: Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը հայտնեց, որ ներկայում մի մասնաշենքից մյուս մասնաշենք տեղափոխման աշխատանքներ են կատարվում: Նա հայտնեց նաև, որ շտապօգնության մեքենաների համար լրացուցիչ գույք է ստացվել: Ա. Ղուկասյանը ևս մեկ անգամ շեշտեց առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներում կոռուպցիոն երևույթների իսպառ բացառումը:
ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության ՏԻ և ՀԾ բաժնի պետ Ժիրայր Ղազարյանը ներկայացրեց հոկտեմբերի 21-ին Լոռու մարզի Սարահարթ, Վահագնի և Ձորագյուղ համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքները՝ հայտնելով, որ
Սարահարթ համայնքի ղեկավար է ընտրվել Արտյոմ Փիլոյանը, Վահագնի համայնքի ղեկավար՝ Սուրեն Կոստանդյանը, Ձորագյուղ համայնքի ղեկավար՝ Արշակ Ռամազյանը:
Քննարկվեցին նաև մի շարք այլ ոլորտների գործուներության հետ կապված հարցեր, տրվեցին հանձնարարականներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36