Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Հաղթող սերունդների քաղաք». Նշվեց «Վանաձորի օր-2018» ավանդական տոնակատարությունը

12.10.2018

«Վանաձորի օր-2018» համաքաղաքային ավանդական տոնակատարության «Հաղթող սերունդների քաղաք» խորագիրը կրող միջոցառումների մեկնարկը տրվեց Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուց, որտեղ տեղի ունեցավ միասնական աղոթք և մոմավառություն՝ հանդիսապետությամբ Տեր Օհան ավագ քահանա Լուսարարյանի: Ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մարզպետարանի ու քաղաքապետարանի աշխատակիցներ, հյուրեր:
Քահանայի ուղեկցությամբ ներկաները եղան եկեղեցու Նահատակաց պուրակում և մեկառմեկ ծանոթացան այնտեղ կանգեցված բոլոր խաչքար-կոթողների պատմությանն ու դրանց հոգևոր-ազգային նշանակությանը:
Տոնական միջոցառումների գեղարվեստական մեկնարկը տրվեց Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակում: Հանդիսավորությամբ միջոցառման հրապարակ բերվեցին Հայաստանի Հանրապետության ու Վանաձորի դրոշները, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Շառլ Ազնավուրի հիշատակը: Օրհնության խոսք ասաց Գուգարաց թեմի Սուրբ Գրիգոր Նարկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանը:
Վանաձորցիներին շնորհավորեց քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ հատուկ ընգծելով, որ հաղթող սերունդների քաղաքը կարող է դառնալ երազանքների ու ցանկությունների քաղաք՝ շնորհիվ ժողովրդի մեծ սիրո ու հոգատարության:
Վանաձորի օրվա առթիվ իր շնորհավորական ջերմ խոսքն ասաց Լիլիթ Մակունցը: Քաղաքի զարգացման գործում արդյունաբերության վերականգնման կենսական անհրաժեշտությանը զուգահեռ նա հատկապես կարևորեց ավանդույթների պահպանման ու տարածման անհրաժշտությունը: Ըստ նրա, մշակույթը պետք է լինի այն գրավականը, որը կկարողանա համաչափ զարգացող ընթացք ապահովել ցանկացած համայնքի, ցանկացած պետության համար:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, միանալով տոնական բարեմաղթանքներին, իր խոսքում մասնավորապես նշեց.
-Քաղաքի տոնին նվիրված պաստառներն ի լուր աշխարհի ազդարարում են՝ Վանաձորը հաղթող սերունդների քաղաք է: Հենց հաղթող սերունդների տեսակն էր, որ միանալով համաժողովրդական թավշյա հեղափոխությանը, եկավ ևս մեկ անգամ հաստատելու, որ վանաձորցին անկոտրում է, որ վանաձորցին է իր քաղաքի, իր հողի տերը:
Հետհեղափոխական այս շրջանում, տարիներով կուտակված խնդիրների լուծման ճանապարհին մենք չենք ընկրկում, որովհետև հավատում ենք, որ ձեզ հետ միասին կարող ենք մեր քաղաքը, մեր մարզը դարձնել ավելի գրավիչ, ավելի բարեկարգ, ավելի գունեղ:
Որպես Լոռու մարզպետ ես հետևողական եմ լինելու Վանաձորին, Լոռուն վերաբերող ցանկացած խնդրի լուծման հարցում և ձեզնից ակնկալում եմ ակտիվ համագործակցություն՝ խնդիրների վերհանման, մարզում տեղի ունեցող դրական ու բացասական զարգացումների առումով,-ասաց նա:
Մարզի ղեկավարը վանաձորցիներին փոխանցեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական խոսքը:
Տոնական համերգից հետո ներկաները քայլերթով շարժվեցին Տիգրան Մեծի 12-14 հասցեում գտնվող վերականգնված պուրակի տարածք, ուր մասնակցեցին բացման արարողությանը: Երթին միացավ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Բացման պատիվը շնորհվեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին: Այստեղ ներկայացվեցին քաղաքի երիտասարդական կազմակերպությունների ձեռքի աշխատանքներն ու նրանց տարաբնույթ ծրագրերը:
Հյուրերը եղան նաև Մոր և մանկան այգում, որտեղ կազմակերպվել էր ցուցահանդես՝ Վանաձորի գեղարվեստի դպրոցների, մշակույթի տների մասնակցությամբ:
Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանի բակում կազմակերպված միջոցառումն էլ նվիրված էր Ֆրանկոֆոնիայի օրերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 17:19:04